News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 9-ին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտնականներ եւ հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից եւ Ֆինլանդիայից:

Համաժողովը սկսվեց «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ, համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Ակնհայտ է, որ ընտանիքը առանցքային նշանակություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Զորացնել քրիստոնեական ընտանիքները նշանակում է ամրացնել Եկեղեցու հիմքերը եւ կենսագործել հզոր հայրենիքի ու բարոյապես առողջ ու կենսունակ հասարակություն կերտելու տեսիլքը», - ընդգծեց Արշակ եպիսկոպոսը:

Այնուհետեւ համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,

Մեծահարգ տիարք եւ տիկնայք,

Սիրելի ներկաներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Ուրախ ենք այս ժողովին ձեր մասնակցության համար: Այսօրինակ համաժողովները, հավատում ենք, կարեւոր նպաստ են բերելու ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավման եւ հոգեւոր ու բարոյական արժեհամակարգի անաղարտ պահպանության ու ամրապնդման գործում: Մեր գնահատանքն ենք բերում Ռուս Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչներին, ովքեր ընտանիքների հետ հովվական աշխատանքի իրենց փորձառությունը պիտի կիսեն մեզ հետ:

Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի եւ նրա առաքելության մասին ընկալումները: Տարածում են գտնում ընտանիքի նվիրական գաղափարը աղճատող եզրույթներ եւ հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրեւ ժամանակակից կյանքի թելադրանքներ: Մտայնության ու բարքերի այսօրինակ այլափոխումը հաճախ քողարկվում է անհատի ազատության  եւ իրավունքների լույսի ներքո՝ խեղաթյուրելով ընտանեկան կյանքի իրական արժեքն ու բացառիկությունը:

Եկեղեցու տեսակետները ընտանիքի վերաբերյալ հիմնված են ոչ թե մարդկային փոփոխվող կենսակերպի եւ մտայնությունների, այլ Աստծո կենարար խոսքի ու հայտնության վրա: Ընտանիքի մասին քրիստոնեական վարդապետությունը ձեւավորվել է աստվածադիր օրենքի համաձայն՝ հաստատելով ամուսնության սրբությունն ու արժեքը (Եբր. ԺԳ 4): Սուրբ Գիրքը հստակ ընդգծում է ամուսնության եւ ընտանիքի նվիրականությունն ու նպատակները: Աստված ստեղծեց մեր նախածնողներ Ադամին եւ Եվային այր ու կին (Ծննդ. Ա 28): Տղամարդու եւ կնոջ միության սրբագործությամբ Տերն ընտանիքը դարձրեց նվիրական օջախ, որի հարկից ներս արարչագործությունն է շարունակվում: Եկեղեցին Սուրբ Պսակի խորհրդով օրհնում է ընտանիքի կազմությունը: Պսակադրության արարողությամբ հռչակվում է ընտանիքի անբաժանելի եւ անքակտելի միությունը, որը նվիրագործվում է աստվածային ներգործությամբ ու շնորհներով:

Ընտանիքի սրբության վերաբերյալ Եկեղեցու պատգամը մենք կարիքն ունենք հասցնելու յուրաքանչյուր անհատի սրտին եւ մտքին: Ընտանիքը Աստծո օրհնություն է եւ հիմքն ու մանրակերտը հասարակության, մարդկային ազնիվ ու վեհ հարաբերությունների:

Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ծնողների սպասավորությամբ սկիզբ է առնում աստվածճանաչողության, տերունական պատգամների, օրինապահության, սիրո, նվիրվածության ճանապարհը: Ընտանեկան հոգածու միջավայրում է հասակ առնում երեխան, եւ նրա մտքում ու հոգում ձեւավորվում է հասարակության անդամը լինելու գիտակցությունը: Ընտանիքի աստվածահաստատ պատկերի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր եւ մոր սիրո ու դաստիարակության ներքո, նմանությամբ ավետարանական օրհնյալ ու նվիրական Սուրբ Ընտանիքի:

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաեւ ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում: Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաեւ տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում Մենք կարեւորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման եւ առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր եւ քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա:

Ընտանիքի առջեւ ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ  կատարելու եւ հաղթահարելու տեսլականով Մենք 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես Մեր հանդիպումներում, Մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի ամավերջին ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ:

Մեր մաղթանքն է, որ միջազգային այս համաժողովը՝ գումարված «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով, իր նպաստը բերի հասարակության մեջ ընտանիքի նվիրագործված ընկալման զորացմանը: Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին եւ բանախոսներին՝ աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, Սուրբ Հոգու շնորհներով առաջնորդի մեզ եւ արդյունավորի ընտանիքների ամրապնդմանն ու անխաթար պահպանմանն ուղղված ջանքերը:

Բարի ընթացք համաժողովի աշխատանքներին: Թող մեր Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ողջ աշխարհի եւ մարդկության հետ այսօր եւ միշտ. ամեն», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Համաժողովին «Քրիստոնեական ընտանիք եւ ժամանակակից մարտահրավերներ» եւ «Եկեղեցու եւ պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության եւ զորացման մեջ» թեմատիկ բաժանմամբ նիստերին բանախոսություններով հանդես կգան Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը («Ամուսնություն. միություն, թե՞ համակեցություն»), Վլադիկովկասի եւ Ալանիայի արքեպիսկոպոս, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ Լեոնիդ արքեպիսկոպոս Գորբաչովը («Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով»), Իռլանդիայի Լիմերիկի եպիսկոպոս, Գրիգորյան համալսարանի դասախոս, ա.գ.դ. Բրենդան եպիսկոպոս Լեհին (««Դուբլին 2018 ընտանիքների համաշխարհային ժողով». Ընտանիքներին տրամադրված աջակցությունը արժեքների եւ ավանդույթների փոփոխվող աշխարհում»), Ավստրիայի Գրացի համալսարանի դասախոս, պ.գ.դ. Մարտին Կուգլերը («Ամուսնությունն ու ընտանիքը Եվրոպայում եւ Հայաստանում. Մարտահրավերներ քրիստոնյաների համար այսօրվա հանրային քննարկումներում»), Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դասախոս, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ս.գ.դ., պրոֆեսոր Ժան Տոշչենկոն («Ժամանակակից ընտանիքի պարադոքսները. Հույսեր եւ իրականություն»), ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինսիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը («Հայկական ընտանիքը դարաշրջանների շրջադարձին»):

Ընդմիջումից հետո համաժողովը շարունակեց իր աշխատանքը: Զեկույցներ ներկայացրեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ի.գ.թ. Արա Զոհրաբյանը («Ընտանիքը որպես սահմանադրական ինստիտուտ եւ ազգային արժեք»), Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը («Ընտանիքը քրիստոնեական ընկալման եւ արդի գաղափարախոսությունների ու մարտահրավերների առջեւ»), «Ծնողական համառուսական դիմադրություն» ընտանիքի պաշտպանության համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Մամիկոնյանը (««Գլոբալիզմի» մարտահրավերը ընտանիքի եւ քրիստոնեական մշակույթի ինստիտուտի առջեւ: Պատասխան կլինի՞»), «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար, պ.գ.թ. Կարինե Եսայանը («Իրավական եւ քարոզչական ոլորտներում քրիստոնեական ընտանիքին եւ ազգային-հոգեւոր արժեհամակարգին նետված արդի մարտահրավերները»), Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի դասախոս, ք.գ.դ Յոհան Բեկմանը («Ընտանիքը որպես այսօրվա լիբերալ արժեքների քրեական առանձնահատկություն») եւ իրավախորհրդատու, «Ազատության պաշտպանության» դաշինքի անդամ, ի.գ.դ. Ադինա Պորտարուն («Ամուսնությանն ու ընտանիքին ուղղված ժամանակակից իրավաբանական եւ քաղաքականության մարտահրավերները»):

Հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նույն օրը երեկոյան` ժամը 17:00-ին, Ս. Գայանե վանքում կմասնակցեն Երեկոյան ժամերգության եւ ընտանիքների օրհնության արարողությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ