News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է  Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի մանկական ուռուցքաբանության եւ հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին։ Հանդիպմանը ներկա են գտնվել Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ուռուցքաբան Գեւորգ Թամամյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։ Հանդիպմանը տիկին Էգերթը պատմել է Երեւան կատարած իր այցի մանրամասները, ներկայացրել Արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումներն ու ստացած տպավորությունները։ 

«Պետք է ասեմ, որ ես շատ զարմացած եմ։ Ես եկել էի որպես զարգացած բժշկություն ունեցող երկրից, բայց այն ինչ տեսա այստեղ՝ հրաշալի է, շատ զարգացած է եւ մանկական ուռուցքաբանության ոլորտը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բժիշկները շատ պրոֆեսիոնալ են»,- ասել է Անգելիկա Էգերթը՝ առանձնահատուկ շեշտելով հանգամանքը, որ մեկ կենտրոնում են գործում մանկական արյունաբանական կենտրոնը եւ մանկական ուռուցքաբանության կենտրոնը։ Ըստ տիկին Էգերթի, Գերմանիայում նման կենտրոն չկա եւ Գերմանիան պետք է Հայաստանից վերցնի այդ փորձը, որը շատ արդյունավետ է։

«Շատ ուրախ եմ ձեր գնահատականների համար։ Դա շատ կարեւոր է մեզ համար։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Դա մեր բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ մենք այսօր ունենք նման մակարդակ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեխնիկական սարքավորումները բարձր մակարդակի վրա չեն, սակայն մասնագետները բարձր որակավորում ունեն եւ համարվում են փայլուն մասնագետներ։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ իր գործունեության նպատակն է Հայաստանում քաղցկեղի մեծ տարածաշրջանային կենտրոն ստեղծել։ Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ներկայում ընթացքի մեջ է պալիատիվ կենտրոնի եւ խնամքի տան կառուցման հարցը։

Խոսելով Երեւան այցի արդյունքների մասին, տիկին Էգերթը նշել է, որ ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ։ Դրանցից մեկը Tellmedicine-ի իրականացումն է, որի շնորհիվ հայ եւ գերմանացի բժիշկները տեսակապի միջոցով կկարողանան քննարկել բարդ դեպքերը։ «Tellmedicine-ի գաղափարը շատ լավն է։ Բազմաթիվ հայեր ցանկանում են իրենց բուժումն իրականացնել ոչ թե Երեւանում, այլ Գերմանիայում։ Անգամ, երբ մեր բժիշկները հավաստիացնում են, որ բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Երեւանում եւ հաղթահարել հիվանդությունը, շատերը, միեւնույն է ցանկանում են մեկնել Գերմանիա։ Նրանցից շատերն անգամ փախստական են դառնում։ Դա մեծ խնդիր է երկու երկրների համար։ Եվ այժմ, երբ հնարավոր է, որ պացիենտները տեսնեն նաեւ այդ քննարկումների արդյունքները, տեղեկանան, թե գերմանացի բժիշկներն ինչ կարծիք ունեն, դա նրանց ավելի մեծ վստահություն կհաղորդի»,- ասել է Աննա Հակոբյանը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ համատեղ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ։ Տիկին Էգերթը շեշտել է, որ այդ ուղղությամբ Գերմանիայում լուրջ աշխատանք ունի կատարելու եւ մի քանի հիմնադրամների ներկայացնելու է ծրագիրը, որպեսզի նրանցից ստանա աջակցություն։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցեր։

Տպել
Ամենաշատ