News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին 2 օր առաջ զանգահարել է իր ծանոթը եւ զգուշացրել, որ առաջիկա 2 շաբաթը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վերաբերյալ  չխոսել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարինա Խաչատրյանը։

«Նա հստակ չնշեց՝ դա ինձ զգուշացո՞ւմ էր, թե դա լինելու էր ֆիզիկական հոգեբանական բռնության տեսքով, թե լինելու է ինֆորմացիոն արշավ։ Բայց հստակ նշվեց, որ ցանկալի է, որ ես զգույշ լինեմ եւ սորոսականների մասին շուրջ 2 շաբաթ չխոսեմ։ Թե ինչո՞վ է պայմանավորված այդ 2 շաբաթը, ես չգիտեմ։ Այնուհետեւ հաջորդ օրն առավոտյան ես դա ընդունեցի ի գիտություն, բայց այդքան էլ լուրջ չէի վերաբերում։ Հետո երբ մեքենան վարում էի, ես զգացի, որ արգելակման հետ ինչ-որ խնդիր է։ Արգելակներն այնպես չէ, որ ամբողջովին չէին աշխատում, սակայն ես մեքենան ամեն օր վարում եմ եւ փոփոխություն նկատեցի։ Հետո մեքենաս կայանեցի աշխատավայրիս մոտ, հետընթացի ժամանակ նկատեցի, որ պարկտրոնիկ համակարգի ձայնային ազդանշանը չի աշխատում։ Կայանելուց հետո մոտեցա՝ հասկանալու համար ինչումն է խնդիրը,  տեսա կտրված լարը։ Ակնհայտ էր, որ այդ լարը կտրված էր։ Մեքենաս ես եմ լվանում, եւ եթե այդպիսի լար կախված լիներ, ես, միանշանակ, կնկատեի»,- պատմեց Մարինա Խաչատրյանը եւ հավելեց, որ իր կարծիքով  դա իրականացնում է իշխանության կողմից ազդանշանն է։

«Երեւի իրենց կարծիքով, ես այդ ամենից հետո լռեի եւ զգուշանայի, վախենայի։ Հավանաբար, շատերն ինձ չեն ճանաչում, բայց այդպիսի դեպքերը պետք է բարձրաձայնվեն, եւ իրենք թող մտածեն իրենց արարքների մասին, վախեցող չկա»,-ասաց նա։

Հարցին՝ ինչու է ինքը համոզված, որ դա իրականացրել են «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի անդամները, Խաչատրյանն ասաց.

«Որովհետեւ վերջին ժամանակներում բավականին հաճախ եմ անդրադարձել նրանց անթույլատրելի գործունեությանը մեր երկրում։ Վերջին թարմ օրինակը Տիկնիկային թատրոնի շենքում պլանավորված սատանիստական համերգի չեղարկումն էր, որը տեղի ունեցավ այլ տեղում։ Այդ մասին ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, քանի որ Կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության մշակույթի բաժնի եւ Ռուբեն Բաբայանի հետ խոսելուց հետո իրենք ասացին՝ շատ լավ, դա Տիկնիկային թատրոնում տեղի չի ունենա, սակայն նույն օրը մենք կապվեցինք տոմսարկղի հետ, նաեւ Տիկնիկային թատրոնի տեղակալի հետ խոսեցինք, եւ նրանք էլ ասացին՝ ոչ, ոչինչ էլ չի փոխվել եւ Տիկնիկային թատրոնում է տեղի ունեցել»։

Մարինա Խաչատրյանն ասաց, որ այդ թատրում ծրագրվում է իրականացնել մի միջոցառում, որը հայտնի է, որպես համասեռամոլների քարոզի շոու. «Իրենց պաստառի վրա նույնպես պատկերված է համասեռամոլ։ Մենք չպետք է թույլ տանք, որ այդ՝ միջոցառումը Տիկնիկային թատրոնում տեղի ունենա։ Այդ թատրոնը մանկական կրթօջախ է։ Այն նախատեսված է մեր երեխաներին դաստիարակելու համար եւ չի կարելի այդտեղ այդպիսի միջոցառումներ կազմակերպելը։ Տիկնիկային թատրոնի ղեկավարը հանդիսանում է Հայաստանում Սորոսի հիմնադրամի նախագահների խորհրդի անդամ։ Այսինքն՝ նա ղեկավարող անձ է այդ հիմնադրամում, հետեւաբար կարելի է ասել, որ իրենց միջոցառման տապալումը որոշակի հարված էր իրենց գործունեությանը»։

Նա չբացառեց նաեւ, որ իրեն փորձում են լռեցնել նաեւ Առողջապահության նախարարությունից.

«Ես ակտիվ հետեւում եմ  նաեւ Առողջապահական համակարգում առկա խնդիրներին։ Ես պարբերաբար հայտարարել եմ, որ Արսեն Թորոսյանը նույնպես ունի որոշակի կապեր Սորոսի հիմնադրամի հետ։ Եվ իմ բողոքները բարձրաձայնումները, հավանաբար, դուր չեն եկել հիմնադրամին։ Արսեն Թորոսյանի կողմից ստորագրված բազմաթիվ հրամաններ, որոնք որ ապօրինի են, դրանք նույնպես գտնվում են իրավապահ կառույցներում»։

Նա հայտնեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրեն դատի է տվել. «Երեկվա իմ հրապարակումների համար ինձ դատի է տվել, իբրեւ իր արժանապատվությանն եմ անդրադարձել։ Ես այդ հրապարակումների առնչությամբ կետ առ կետ փաստեր եմ ներկայացրել դատարան եւ նոյեմբերի 11-ին տեղի կունենա դատական նիստը։ ԱԺ-ի Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում «2 սորոսական պատգամավոր» ելույթ էին կազմակերպել իբրեւ բռնության կոչերի դեմ․ Բա տիկնա՛յք, բռնության կոչեր եւ գործողություններ նաեւ մեր նկատմամբ են իրականացվում, ինչո՞ւ դուք որեւէ արձագանք չեք տալիս։ Այսօր թիրախավորել եք ինձ, բայց ես ձեր հաջորդ զոհը չեմ դառնալու»։

Նա ասաց, որ հատուկ է ընտրել ԱԱԾ-ի տարածքը, որովհետեւ ուզում է ԱԱԾ-ի, ոստիկանության, ՄԻՊ-ի եւ ԱԺ-ի Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունը հրավիրել իր նշած խնդիրներին։

Տպել
Ամենաշատ