Փարիզում ճապոնացի բիզնեսմենի դաստակից գողացել են ավելի քան 800 000 դոլարանոց ժամացույցը։
CNN-ը հայտնում է, որ տղամարդը դուրս է եկել Ելիսեյան դաշտում Հաղթական կամարի մոտ գտնվող «Նապոլեոն» հյուրանոցից, որպեսզի ծխի, երբ գողը նրա դաստակից թռցրել է ժամացույցը։
Տուժածին է մոտեցել մի մարդ, որը նրանից ծխախոտ է խնդրել։ Երբ նա մեկնել է ձեռքը, գողը հափշտակել է ժամացույցն ու փախել։ Խոսքը Richard Mille Tourbillon-ի մասին է։ Ադամանդակուռ պարույրով զարդարված շվեյցարական այս շքեղ ժամացույցը վաճառվում է 830 000 դոլարով։
Վերջին ամիսներին Փարիզում շքեղ ժամացույցների գողության ալիք է դիտարկվում։ BFMTV-ի տվյալներով, տարվա առաջին ութ ամիսների ընթացքում գրանցվել է 71 այդպիսի դեպք։
Գողությունների մեծ մասը կատարվում է Ելիսեյան դաշտից ոչ հեռու 8-րդ շրջանում, որտեղ բազմաթիվ շքեղ հյուրանոցներ եւ թանկարժեք իրերի խանութներ կան։ Հուլիսին 190 000 եվրո ընդհանուր արժողությամբ չորս ժամացույցի գողություն էր կատարվել։
Ըստ BFMTV-ի, նման ժամացույցները «սեւ շուկայում» իրենց գնի 30-50 տոկոսի չափով կարող են վերավաճառվել։