News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ես երբեք 2018թ․ ապրիլ-մայիսի իրադարձությունները չեմ որակել որպես «հեղափոխություն»՝ երկու պատճառով։ Առաջինը՝ Սերժ Սարգսյանը, հրաժարվելով իշխանությունից, խելամիտ եւ իմաստուն վարվեց, իշխանության փոխանցումը դարձնելով անարյուն, The Armenian Mirror-Spectator-ում գրում է միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայանը։

Երկրորդ՝ իսկական հեղափոխությունը քաղաքական իմաստով կձգտեր արմատապես փոփոխել հանրապետության հիմքերը, նրա սահմանադրությունը եւ քաղաքական ողջ համակարգը։ Սա այն դեպքը չէր, հակառակը, նոր թիմն իր վրա փորձեց նախորդի կոստյումը  եւ գլոբալ մասշտաբով անցկացրեց նախկին կառավարությունների քաղաքականությունը, մեկ լուրջ բացառությամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարով։ Գործող վարչապետի ժողովրդական աջակցությունը արդարացում չէ դրա համար։ Եթե սահմանադրությունն այլեւս չի համապատասխանում երկրի ակնկալիքներին, ապա անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխում սկսել։ Մինչ այդ, այն պետք է պահպանել։

Սեպտեմբերի 26-ին, ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ նստաշրջանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի բոլոր դժբախտություններում մեղադրեց նախկին կոռումպացված էլիտային։

Ձեւացնել, թե նույն էլիտաների ֆինանսական հնարավորությունները իրենց իշխանություն են տալիս ԶԼՄ-ներում եւ այլ տեղերում, ընդ որում՝ հետապնդել եւ փողեր ընդունել այդ իսկ խմբերից հիմնադրամի համար, որը գլխավորում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը, այնքան էլ հետեւողական չէ։

Այն դեպքում, երբ վարչապետը կառուցում էր իր քարոզարշավը, ելույթ ունենալով իր նախորդի չափազանց շատ ինստիտուցիոնալ իրավունքների դեմ, նա ոչ միայն չբարեփոխեց դրանք, այլեւ կրկնապատկեց՝ լուծարելով հինգ նախարարություններ եւ ամրապնդելով իր անձնական իրավասությունները։

Թվերը կարող են պերճախոս ցույց տալ իշխանության այդ խտացումը՝ 2,5 միլիոն բնակչությամբ Հայաստանի վարչապետը ներկայում ունի ավելի քան 720 աշխատակիցներ։ Համեմատության համար՝ 67 միլիոնանոց Ֆրանսիայի վարչապետի վարչախմբում 1900 աշխատակից կա։

Ո՞րն է այս քաղաքականության դրդապատճառը։ Իրեն շրջապատող մարդկանց հանդեպ անվստահությու՞նը։ Վստահությունը, թե միայն ի՞նքը կարող է ղեկավարել տրանսֆորմացիան։ Իշխանությունը կիսելու ցանկության բացակայությունը կամ դրա պատվիրակ լինե՞լը։ Թե՞ նախկին հանրապետականներին իշխանության գլուխ տեսնելու վախը։ Հավանաբար դա բոլոր այս գործոնների համատեղումն է։ Խաղադրույքներն այսպիսին են՝ որ մեկ մարդը չի կարող ռազմավարական գործառույթ եւ համաձայնեցված գործողություններ իրականացնել, մանավանդ երբ նրա թիմը կազմված է առանց քննադատական մոտեցումների եւ փորձի պալատականներից։ Զվարճալի է տեսնել, որ արդարադատության 28-ամյա նախարարը, որը նոր է ավարտել դպրոցը,  իր նշանակման ժամանակ ասում է, թե ինքն արդեն զգալի փորձ ունի։ Հարկ է զգուշանալ, որ այդ, ինչպես նաեւ մյուս ոլորտներում կզբաղվեն անհամապատասխան նախագծերի, մոդելների եւ միջազգային հաստատությունների առաջարկությունների «copy-paste»-ով։

Ի՞նչ լավ բան կա

Դրական փոփոխություններ, եւ դա գլխավոր առաջընթացն է, բանավեճ եւ կոռուպցիայի հանդեպ գործողություններ, ինչպես նաեւ պնդում, որ յուրաքանչյուր քաղաքացի եւ ընկերություն հարկերի վճարման միջոցով իրենց արդար բաժինը պետք է ներդնեն պետական բյուջեի մեջ, իսկ փոխարենը պետական պաշտոնյաները պետք է հրաժարվեն ազգային, հասարակական եւ իրավական շահերի հաշվին ընտրյալ լինելու պրակտիկայից։

Կոռուպցիան շատ վտանգավոր է ազգային շահերի համար, սակայն հեռատես չէ այդ պրակտիկայի բոլոր դժբախտությունները վերագրել երկու նախկին առաջնորդների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ու նրանց թիմերի վրա։ Այս արատն արմատավորվել է խորհրդային հանրապետության հայտնվելու պահից եւ փոխանցվել է սերնդեսերունդ։ Եսասիրական անհատականությունը խորացել է Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ յուրաքանչյուրը հասարակության բոլոր հատվածներում իր շահերը վեր է դասել պետական շահերից։ Ամենաձեռներեցներն ու հավակնոտները ավելին են ստացել, քան մյուսները։

Նրանցից ոմանց անհրաժեշտ է դատել ապագա իրավախախտումները կանխելու համար, սակայն դա բավարար չէ, եւ դա որեւէ կերպ չի արդարացնում որոշ անձանց հանդեպ իրավական պաշտպանության անօրինական միջոցներ կիրառելու ուղով հետապնդման այժմյան դատական քաղաքականությունը։ Բացի այդ, եթե մենք ոչնչացնենք բոլոր կոռումպացված անցյալ ունեցող մարդկանց մենք կտեսնենք հայկական պետության անհետացումը։ Բարձրաստիճան պաշտոնյաների «հրաժարականների» այժմյան զանգվածը ցույց է տալիս այդ միջոցառումների սահմանները։ Որոշ կառավարական խորհրդականներ կամ խորհրդարանի մեծամասնության անդամներ, անկասկած, կդատապարտվեն։

Բիզնեսմեն եւ նախկին դեսպան Միքայել Մինասյանը (ով, իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի փեսան է), հանդես է գալիս ատելության եւ պառակտման այդ քաղաքականությունից հրաժարվելու եւ դրա փոխարեն նախորդ երեք նախագահների փորձը օգտագործելու օգտին՝ չնայած նրանցից դժգոհություններին եւ նրանց բոլոր թերություններին, որոնցից որոշները նույնիսկ կարելի է հանցավոր համարել։ Ես միշտ համաձայն եմ եղել այդ մոտեցման հետ, սակայն պայմանով, որ կանցկացվի անցման ժամանակաշրջանի արդարադատության զուգահեռ գորրծընթաց՝ այն, ինչը դեռ անհրաժեշտ է որոշակիացնել։ Առաջիկա ներքին եւ արտաքին մարտահարավերները լուծելու համար Հայաստանին անհրաժեշտ է հաշտեցնել իր տրամադրության տակ եղած բոլոր սակավ ուժերը։

Պետության ղեկավարը պետք է ապահովի ազգի միասնականությունը, հարգի նրա սահմանադրությունը եւ հավասար իրավունքներ տա իր քաղաքացիներին։ Վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարություններն ու որոշումները ավելի քան տագնապալի են։

Նախ՝ նա պնդում է, թե կասկածի ենթակա չէ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարող դեր ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում։ Ժողովրդավարությանն աջակցելը եւ վերը ասվածի պնդումը հակասում են միմյանց՝ դա պետք է որոշի ոչ թե ինքը, այլ քվեաթերթիկների արկղը։

Երկրորդ՝ սեպտեմբերին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում նա ասաց, թե չի բացառում կառավարության միջամտությունը եկեղեցական գործերին։ Նա ասաց․ «Եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարությունը մասնակցի եկեղեցական գործերին, կառավարությունը կքննարկի դա եւ կհասկանա, թե ինչ պրակտիկ հնարավորություններ կան»։ Հարց է առաջանում՝ սահմանադրական կամ իրավական ի՞նչ հիմքեր ունի այդ մտադրությունը։

Երրորդ՝ նա ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ (սեպտեմբերի 13-ին) արտահայտեց շատ ցնցող գաղափար։ ՄԱԿ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ներկայությամբ նա հայտարարեց, որ «անհրաժեշտ է ճշտել, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ, ով է մարդը, ով կարող է օգտվել այդ իրավունքներից։ Կարող է պարզաբանումների կարիք առաջանա․․․»։ Սա այն նույն մա՞րդն է, որը Միացյալ ազգերի կազմակերպության համաժողովում պաշտպանում է մարդու իրավունքները։ Այս նկատառումները կարելի էր անհաջող անվանել, եթե մենք չդիտարկեինք դրանք սահմանադրական կարգի տապալման ակնհայտ փորձերի հեռանկարում։

Այնքան էլ լավ չէ

Վերջին ամիսներին իրադարձությունների ականատես ենք դարձել, որոնք չեն համապատասխանում միջազգային ասպարեզում Հայաստանի շահերին:

Սա առավել եւս պարադոքսալ է, քանի որ վարչապետը միջազգային համաժողովներում բարձր է գնահատում «թավշյա հեղափոխությունը» եւ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը: Եթե որեւիցե կասկած է առաջացել որպես «արտադրանք» հեղափոխությունը տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական միջավայր արտահանելու հնարավորության վերաբերյալ, որտեղ գերիշխող առաջնորդներն ավելի ու ավելի մեծ մարտահրավեր են նետում օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը, ապա դրա հովանավորի հանդեպ վստահությունը ներկայումս մեծապես սասանվել է:

Իսկապես, վարչապետի կողմից վերջերս Սահմանադրության խախտումներն այնքան աղաղակող են, հատկապես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բարձրացրած հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, որ դրանք «անօրինական» են համարում: Վարչապետն արդյո՞ք ավելի բանիմաց է, քան ՍԴ դատավորները կամ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները: Նա հրապարակայնորեն թելադրեց, թե ինչ պետք է անի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ կապված  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հետ:

Հայաստանի վարչապետի այս մեթոդը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոճը, որը 2016 թվականին մերժեց Սահմանադրական դատարանի «ապօրինի» որոշումները 2 լրագրողներին ազատելու մասին: Կարելի է զուգահեռ անցկացնել կառավարական ու հասարակական բոլոր ինստիտուտներում Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի հիման վրա Էրդողանի մշտական զտումների եւ Հայաստանի վարչապետի ցանկության միջեւ՝ հայկական վարչակազմը, քաղաքացիական հասարակությունը եւ կրոնական հաստատությունները զտելու այն բոլոր անձանցից, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել Հանրապետական կուսակցության կամ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սահմանադրական դատարանի անդամների վրա հարձակումները եւ նրանցից ազատվելու մտադրության մասին հրապարակային հայտարարությունը Սահմանադրության լուրջ խախտում է, որը խստորեն պաշտպանում է նրանց պաշտոնավարումը:

Փորձը սկսվեց նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակից, որում նշվում էր, որ ինքը եւ եւս մեկ նոր դատավոր միակ օրինական դատավորներն են, քանի որ իրենք միակն են, որ ընտրվել են Հեղափոխությունից հետո: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, կառավարության հետ համաձայնեցված, մեկ տողով մերժեց պահանջը: Նրանք հիշեցրին, որ 2015 թվականի բարեփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ եւ ոչ երկիմաստորեն նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի ղեկավարը եւ անդամները, որոնք նշանակվել են նախքան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, իրենց մանդատը պահպանում են մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը:

«Իմ քայլը» խմբակցության կույր համառությունը շարունակվում է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի եւ խորհրդարանական մեծամասնության նոր նախաձեռնությամբ, որոնք ցանկանում են հասնել ՍԴ նախագահի պաշտոնանկությանն ուղղված օրենքի ընդունմանը: Օրենսդիր իշխանությունը նույնպես սրա սահմանադրական իրավունքը չունի: Այս սկզբունքի ցանկացած խախտում կհամարվի պետական հեղաշրջում եւ կհանգեցնի դիկտատուրայի հաստատմանը: Անհնար է դատավորին հանել ո՛չ կառավարության որոշմամբ, ո՛չ խորհրդարանի ակտով, եթե ապացուցված չէ, որ նա հանցագործություն է կատարել:

Միջամտություն արդարադատությանը

Այս ոչ ժողովրդավարական իրավիճակը վկայում է հանրապետության հիմքերի քայքայման վտանգի մասին, որ կազմում է կամայական վհուկների որսն այն անձանց դեմ, որոնք կասկածվում են նախկին իշխող Հանրապետական կուսակցությանը համակրելու մեջ: Պաշտոնը ստանձնելու պահից կառավարությունն այնքան հեռու գնաց, որ առաջարկեց Եվրոպական դատարանում իր ներկայացուցչին թույլ տալ դատապարտել Հայաստանին, որ ավելի լավ վիճարկեն նախորդ կառավարությունների օրոք որոշումներ ընդունած ազգային դատավորների շահերը:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը 2019 թվականի մայիսի 22-ի իր նամակում վարչապետ Փաշինյանին հիշեցրել է, որ արդարադատության բարեփոխումները պետք է մշակվեն եւ իրականացվեն օրենքների, Սահմանադրության եւ օրենքի գերակայության ու մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների համաձայն: Վենետիկի հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 15-ի Հայաստանի վերաբերյալ զեկույցում նշված է, որ հայկական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ գործող բոլոր դատավորների վեթինգի անհրաժեշտություն չկա: Դրա փոխարեն, անհրաժեշտ է խստացնել կարգապահական ընթացակարգերը եւ ակտիվների հայտարարագրման համակարգի հետ կապ հաստատել:

Բայց սա Հայաստանի կառավարությանն անհեթեթ քայլից հետ չպահեց՝ օրենք առաջարկել, որը պատժամիջոց կսահմանի ցանկացած դատավորի դեմ, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտող որոշում է կայացրել: Սա ցուցադրում է Հայաստանում իշխող խոտորման ու միջակության մակարդակը: Հարկ է հիշել, որ արդարությունն ապահովվում է տղամարդկանց եւ կանանց կողմից, այլ ոչ ռոբոտների, եւ հնարավոր է սխալ որոշումների ընդունումը: Եվրոպական կոնվենցիան, ինչպես եւ օրենքի ցանկացած այլ տեքստ, կարող է մեկնաբանվել յուրաքանչյուր դեպքի լույսի ներքո եւ դրա ենթատեքստում: Դրանից բացի, Եվրոպական դատարանը միանշանակորեն թույլ է տալիս Կոնվենցիայի որոշակի հատվածների մեկնաբանման ընդարձակ սահմաններ:

Այս ենթատեքստում ես ամբողջությամբ աջակցում են Սահմանադրական դատարանին, նրա նախագահին եւ անդամներին ու նրանց համառորեն կոչ եմ անում հակազդել  գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից պետական հեղաշրջման այս անթույլատրելի հակասահմանադրական փորձերին: Ես նույնն անելու կոչ եմ անում նաեւ բոլոր՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին:

Ես նաեւ կավելացնեի, որ Հայաստանում որակյալ իրավաբանները քիչ են։ Հրայր Թովմասյանը գործող օրենքների, այդ թվում վարչական կորպուսի վերաբերյալ, զգալի մասի համահեղինակն է։ Երեք տարի պահանջվեց, որպեսզի գտնվի ընդունելի փոխարինող Ալվինա Գուլումյանին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահին փոխարինելու համար։ Հայաստանը չէր կարողանում առաջարկել թեկնածուներ, որոնք կհամապատասխանեին եվրոպական չափանիշներին։

Լինի դա դիլետանտությունը, ավտորիտարիզմը կամ բանիմացության պակասը՝ արդյունքն աղետալի է։ Վարչապետը եւ նրա խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ունեին ստեղծելու նոր մթնոլորտ, որը կհարգեր ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը, բոլորին վերադարձնելու աշխատանքի եւ աշխատելուն, որպեսզի երկիրը հանդարտվեր։ Բայց հանրային ելույթների եւ հայտարարությունների բովանդակությունը բարի մտադրությունների մասին հակասում է ամենօրյա գործողությունների իրողությանը։ Անձնական նպատակները եւ ատելությունը, թվում է, գերազանցում են ազգային շահերը։

Ընդհանուր առմամբ, «հեղափոխության» փոխարեն մենք ժողովրդավարական ինստիտուտների դեմ հեղաշրջման վկաներն ենք։

Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայանը ֆրանսիացի իրավաբան է եւ միջազգային իրավունքի փորձագետ, որի անունը զուգորդվում է մարդու իրավունքների պաշտպանության հետ։ 2001-2007 թվականներին նա Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալն էր եւ առ այսօր նշանակալի դեր է խաղում կազմակերպությունում։ 2003 թվականից Կալֆայանը աշխատում է նաեւ որպես իրավական հարցերի խորհրդական Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինությունում՝ մարդու իրավունքների եւ օրինականության պահպանման գծով։ Նա դարձել է նորանկախ Հայաստանում փաստաբանների կոլեգիայի ստեղծման նախաձեռնողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ