News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Ուզբեկստանի նախագահին եւ քննարկել երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման հեռանկարները։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է՝ մեր երկրի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի եւ պատրաստակամության մասին։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձեւավորմանն եւ դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։

Շավքաթ Միրզիյոեւը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է՝ Ուզբեկստանը եւս կարեւորում է մեր երկրի հետ կապերի զարգացումը, եւ նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ եւ որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման հնարավորությունը։

Համաձայնելով Շավքաթ Միրզիյոեւի առաջարկության հետ՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձեւավորվի եւ արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի եւ բարեկամական վերաբերմունքի համար։

Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։ Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթեւ արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Կիսվելով իր դրական տպավորություններով Հայաստանում ընթացող մասշտաբային բարեփոխումների ընթացքի առնչությամբ՝ Ուզբեկստանի նախագահը ծավալուն անդրադարձ է կատարել Ուզբեկստանում գյուղատնտեսության, արտաքին առեւտրի, տնտեսության այլ ճյուղերում ընթացող փոփոխությունների գործընթացին։ Զրուցակիցները կարեւորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ