News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Նշենք, որ Գեւորգ Ազիզյանը ժամանակին Գորիսի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր աղմկահարույց միջադեպին մասնակցության պատճառով:

Ազիզյանի մասնակցությամբ միջադեպերից մեկը  տեղի է ունեցել 2016թ. մարտին։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Միջադեպից կարճ ժամանակ անց՝  մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, սակայն հուլիսի 15–ին նա կրկին վերականգնվել էր նախկին պաշտոնին։

Գեւորգ Ազիզյանի անվան հետ կապված մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել 2017թ. փետրվարին։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդմոն Խաչատրյանը հաղորդում էր տվել այն մասին, որ փետրվարի 27–ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու եւ անհանգստացնելու համար: Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել եւ սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:

Դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցվել էր քրեական գործ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։

Աղմկահարույց միջադեպով հայտնի Գեւորգ Ազիզյանը վերականգնվել է Գորիսի ոստիկանապետի պաշտոնում

Տպել
Ամենաշատ