News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի նախագահ,

Պետությունների եւ պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ես կցանկանայի իմ ելույթն սկսել՝ երախտագիտության խոսքեր հայտնելով հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիեւիին եւ մեր բոլոր թուրքմեն գործընկերներին մեր նիստի գերազանց կազմակերպման եւ այն ջերմության ու ոգեւորության համար, որով մեզ դիմավորեցին թուրքմենական հյուրընկալ հողում: Չեմ կարող չնշել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, ի դեպ, ես առաջին անգամ եմ այս քաղաքում, նրա հոյակապ ճարտարապետությամբ եւ ժամանակակից տեսքով:

Կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահության շրջանակում Թուրքմենստանի կատարած աշխատանքի համար՝ ուղղված ԱՊՀ հետագա զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն արտացոլվել է մեր համագործակցության օրակարգում ընդգրկված հարցերի շարքում:

Այսօրվա քննարկմանը ներկայացված հարցերի կապակցությամբ կցանկանայի նշել հետեւյալը՝ մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը եւ աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը եւ ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը: Փաստաթուղթը սահմանում է համագործակցության ռազմավարական նպատակները, որոնց իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է հետեւողական եւ համակարգված աշխատանք՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով:

Մենք աջակցում ենք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ Կոնվենցիան կօգնի, մասնավորապես, զարգացնել մեր համագործակցությունը կատարված հանցագործությունների համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ:

Մեր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի առանձնացնել Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ընդունված համատեղ ուղերձը՝ ուղղված մեր երկրների ժողովուրդներին եւ միջազգային հանրությանը: Կարեւոր ենք համարում ինչպես մեր երկրներում, այնպես էլ արտասահմանում ապրող ժամանակակից երիտասարդներին ակտիվ իրազեկումն այն վճռորոշ դերի մասին, որ մեր ժողովուրդներն ունեցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչեւ 300 000 տղամարդ եւ կին: Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլեւ ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Իմիջիայլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել։

Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի եւ դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին։

Ցավոք, Իլհամ Ալիեւի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիեւի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, եւ նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, եւ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարեւոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Եվ ես եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարեւոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, եւ ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել եւ իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։

Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարեւոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձեւաչափի օգտագործումը։

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ մենք կրկնապատկել ենք Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարեւոր որոշում է։

Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը եւ ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության եւ առճակատման ձեւավորմանը նպաստող գործողություններին։ Եվ կարծում եմ, որ նաեւ այսպիսի գագաթնաժողովներում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդների, մեր երկրների միջեւ լարվածությունը ոչ թե աճի, այլ, հակառակը, մենք կարողանանք գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության եւ փոխադարձ հարգանքի ուղիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաեւ երկրների ղեկավարների նկատմամբ եւ այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են։

Եզրափակելով ելույթս՝ հարգելի գործընկերներ, կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի ղեկավարությանը հաջող նախագահության համար եւ հույս հայտնել, որ ԱՊՀ շրջանակում բազմակողմանի համագործակցության կատարելագործմանն ու ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը շարունակական կլինեն:

Ցանկանում եմ նաեւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության շրջանակում մեր ուզբեկ գործընկերներին հնարավորինս աջակցելու առնչությամբ։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին եւ միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգեւատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։

Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։ Կառավարության ղեկավարն այսօր կվերադառնա Երեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան կժամանեն ԱՊՀ երկրների ԶՈՒ ներկայացուցիչները
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ....
ԱՊՀ սահմանապահ խմբավորումն առաջին զորավարժությունները կանցկացնի 2020 թվականին
ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների խմբավորումն առաջին անգամ զորավարժություն կանցկացնի 2020 թվականին...
«Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի ամրապնդմամբ». Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Մոսկվայում
Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ տարածքում համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակից ավել փաստաթղթեր...
Վավերացվել է ԱՊՀ շրջանակում միջուկային վթարների վերաբերյալ համաձայնագիրը
Փաստաթղթով նախատեսվում է ԱՊՀ երկրներում միջուկային օբյեկտներում վթարի դեպքում արձագանքման միացյալ խմբի ստեղծում…
«Նոր մեթոդները որակապես վերափոխում են հանցավոր միջավայրը». ԱՊՀ երկրների ՆԳ նախարարները հավաքվել են Մոսկվայում
ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը Մոսկվայում...
Պուտինն առաջարկել է ֆինանսական շուկա ստեղծել ԱՊՀ-ում
«Պետք է զարգացնել համագործակցությունն արժութային ոլորտում, համաձայնեցնել արժութային քաղաքականությունը: Իսկ եթե երբեւէ դա իրագործենք, ապա կարելի է խոսել նաեւ ընդհանուր ֆինանսական շուկա ձեւավորելու մասին»…
Ամենաշատ