News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել է N2 միջազգային եռօրյա ֆորումը, որը հյուրընկալել է տեղական ու միջազգային առաջատար ինտերնետային կազմակերպություններին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։ Ֆորումի առաջին օրը հյուրերը մասնակցել են ցանցային օպերատորների խմբի առաջին (ArmNOG) եւ Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովներին (ArmIGF)։

«Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով համաժողովն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին, RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Ինտերնետ Հասարակության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, ArmIGF համակարգող Լիանա Գալստյանը, Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Առաջին անգամ իրականացվող համաժողովն առանձին միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել ընդհանուր հարթակ ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների եւ ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` խնդիրներն ու հնարավորությունները քննարկելու, ոլորտի նորարարությունների մասին տեղեկանալու, համատեղ նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։

Համաշխարհային ICANN ընկերության նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին նշել է, որ այսօր ICANN-ն անվտանգ ինտերնետի երաշխավորներից է. «Ինձ համար պատիվ է առաջին անգամ անցկացվող այս ֆորումին ներկա լինել։ Մեր կազմակերպությունը շատ ռեսուրսներ է ծախսում, որ ինտերնետը հասանելի ու մատչելի լինի աշխարհի տարբեր կետերում։ Հաճախ մտածում են, եթե ինտերնետը կա, ուրեմն խնդիր չկա, բայց աշխարհի մի զգալի մասն այսօր համացանցից չի օգտվում. մեր նպատակն է, որ մարդիկ տեղական ու անվտանգ ինտերնետ ստեղծեն»։

ArmIGF համակարգող Լիաննա Գալստյանը նշում է, որ թվային տնտեսության զարգացման կարեւոր բաղադրիչներից մեկը ինտերնետի զարգացումն է. «Մեզ համար նման ֆորումները կարեւոր են, մարտահրավերները քննարկելու, նաեւ Հայաստանի տարածքում ինտերնետի տարածվածությանը նպաստելու ու մեր երկիրն ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու համար»։

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը փաստում է, որ թվային փոխակերպումը բիզնեսի համար առաջնահերթություն է, սակայն վերջին տարիների շատ արագ զարգացումը բերել է ոչ միայն առավելություններ, այլեւ նոր մարտահրավերներ ոլորտի ընկերությունների համար. «Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2020 թվականը, միջին հաշվով, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների եկամուտների կեսը կձեւավորվի նորագույն թվային տեխնոլոգիաների միջոցով: Անհրաժեշտություն է առաջացել ոչ միայն ներդրումներ անել նորագույն տեխնոլոգիաների մեջ, այլեւ ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ եւ հնարավորություններ կազմակերպություններին աշխարհում մրցունակ լինելու համար»:

Մեր աշխատանքի ամենակարեւոր բառը կոորդինացիան է։ Մենք ունենք տվյալների մեծ հոսքեր եւ շահագրգիռ կազմակերպություններին կապում ենք միմյանց։ Ես երրորդ անգամ եմ Հայաստանում, ամենաշատ տրվող հարցն է, թե ինչ եմ մտածում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի մասին, բայց այդ հարցին հեշտ չէ միանգամից պատասխանել: Հենց դրա համար եմ այստեղ, այցելում եմ Երեւանից հեռու տարբեր համայնքներ, ուսումնասիրում դրանք, գործնական դասեր ենք անցկացնում, փորձում աջակցել ինտերնետի հասանելիության ընդլայնմանը»,- ասել է RIPE NCC-ի կառավարիչ-տնօրեն Աքսել Պավլիկը:

«Համաժողովն այն եզակի հարթակներից է, որը միավորում է մասնավոր ոլորտին եւ այն միջազգային կազմակերպություններին, որոնք աշխատում են ինտերնետի կենսագործունեությունն ապահովելու համար։ Ծով չունեցող երկրների համար ինտերնետը ստեղծում է ծով հնարավորություններ, մենք էլ նպաստում ենք անվտանգ ինտերնետի տարածմանը»,- ասել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանը։

«N2» միջազգային համաժողովի շրջանակում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, ICANN Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Եռօրյա համաժողովում քննարկվում են՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան եւ այլն։  Պանելային քննարկումներին կմասնակցեն պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «ISOC IoT SIG» հետաքրքրությունների խումբը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ