News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ե՛վ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում պետք է աշխատեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, որոնք մասնագիտական մեծ հմտություններ եւ որակներ ունեն: Եվ հիմա բոլորն իրենց ունակությունների զարգացման հավասար հնարավորությունների կարիք ունեն: Այս մասին հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկումից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նշենք, որ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարել էր, որ կառավարությունը պետք է երկրի քաղաքական կյանքում ավելի շատ կանանց ներգրավի, ընդհուպ նրանց փոխվարչապետի պաշտոն տալով: Դրանից բացի, նա կարծում է, որ կանանց պետք է ակտիվորեն աշխատանքի մեջ ներգրավեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում եւ առաջարկել է, որ քաղաքական կուսակցությունների բարձրագույն մարմիններում նվազագույնը 1/3 տեղերը գրավեն թույլ սեռի ներկայացուցիչները եւ այլն:

Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ կանանց համար քվոտաների այդպիսի արհեստական ներմուծումը չի՞ դառնա խտրականության նոր ձեւ արդեն տղամարդկանց նկատմամբ, Նազարյանը հավաստիացրեց, որ երբ իրենք առաջարկում են սահմանել համապատասխան քվոտաներ, ապա դա ամենեւին չի նշանակում, որ նրանց մասնագիտական որակները երկրորդ պլան են մղվելու:

«Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրանց մասնագիտական հնարավորությունների վրա: Մեզ համար կարեւոր է իմանալ՝ այդ մարդիկ կկարողանա՞ն պատգամավոր կամ նախարար դառնալ: Այս պահանջը հավասարապես տարածվում է բոլոր հավակնորդների վրա՝ անկախ նրանց սեռից: Բայց հարցն այն է, որ Հայաստանում քաղաքականության մեջ ավանդաբար ավելի շատ ներգրավված են եղել տղամարդիկ: Եվ հիմա մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ կանայք նույնպես կարողանան այս ուղղությամբ քայլ կատարելու»,- շեշտեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանը նաեւ հայտնեց, որ նման քվոտաները բացառապես ժամանակավոր բնույթ են կրում եւ պետք է նպաստեն միայն երկրի քաղաքական կյանքում կանանց ակտիվության մեծացմանը: Միեւնույն ժամանակ, պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին, թե որքան երկար կգործի քվոտաների նման համակարգը:

«Որոշ ժամանակ անց մենք դրանից կհրաժարվենք: Այն ժամանակ, երբ կանայք կներգրավվեն խորհրդարանական եւ կուսակցական գործունեությանը, նրանք ինքնուրույն կկարողանան վերարտադրել իրենց ուժը: Եվ կգա այն պատմական պահը, երբ մենք կտեսնենք, որ նման քվոտաների անհրաժեշտություն այլեւս չկա»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանում թեպետ ոչ մեծ, սակայն դրական դինամիկա է գրանցվել:

Հարցին, թե արդյոք նման քվոտաներում մարդու իրավունքի սահմանափակման առումով որեւէ սպառնալիք չի՞ տեսնում, Լենա Նազարյանը պատասխանեց, որ նման մեխանիզմները նպատակ չունեն սահմանափակել որեւէ մեկի իրավունքը կամ հնարավորությունները, այլ, հակառակը, նպաստում են երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին կանանց դերի մեծացմանը:

«Այժմ մեր օրենսդրությունում պահանջ կա, որպեսզի խորհրդարանում սեռի հիմքով ներկայացվածությունը մեկ սեռի կողմից չգերազանցի 70 տոկոսը… Սակայն իմ եւ իմ գործընկերների կարծիքով տվյալ պահանջը պետք է շտկվի, եւ ցուցանիշը պետք է նվազի՝ մինչեւ 60 տոկոս»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ