News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թուրքմենստանի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Ադրբեջանի ղեկավարը փորձել է առիթն օգտագործել Հայաստանը քննադատելու եւ «ֆաշիստներին հերոսացնող» երկիր ներկայացնելու համար, նա հիշեցրել է, որ Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը, Նժդեհին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Փաշինյանը կոշտ պատասխան է տվել նրան՝ հայտարարելով, որ Ալեւը այդպիսով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ

Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը, այսպես ասած, ոտքի վրա կարճ շփվել է Պուտինի հետ եւ նրան գիրք է նվիրել Արցախի մասին։ Գրքի հեղինակը Ռուսատանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովն է, վերնագիրը՝ «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում»: 

Մինչեւ գագաթնաժողովը Փաշինյանը մի քանի պաշտոնական հանդիպում է ունեցել, նրա ֆեյսբուքայն էջից տեղեկանում ենք, որ Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան այսպիսով ավարտվել է։ Նա այսօր վերդարձել է Երեւան։ 

Ստեփանակերտում տարբեր լեզուներով հնչել են Արցախին սատարող հայտարարություններ, այնտեղ Արցախի բարեկամները համաժողովի են մասնակցել, որ կոչվում է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության»։

Ինքնորոշաման իրավունքի վերաբերյալ Հայստանի արտագործնախարարի տեղակալը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն այն իրացրել է անթերի, եւ այդ իրավունքը չի կարող հակադրվել որեւէ միջազգային սկզբունքի։

Արցախի նախագահը ընդգծեց բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի ներկայության անհրաժեշտությունը։

Մալաթիա-Սեբստիայում 29-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կասկածյալը Երևանի բնակիչ է՝ ծնված 1996 թվականին: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել էին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի: Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էին հրազենի պարկուճներ ու գնդակ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, արդարացրել է Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուփշուր արած 5 ամբաստանյալներին։ Դատավճռով երիտասարդները խուլիգանության հոդվածով արդարացվել են, նրանց արարքը որակվել է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածով, սակայն տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է: Հիշեցնենք՝ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին․ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel-ից դուրս էին եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes-ի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց էր արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ։

Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» օպերացիայի երրորդ օրը թուրքական զորամիավորումները վերահսկողության տակ են վերցրել սահմանամերձ 7 գյուղեր: 70 հազարից ավելի մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները։ Զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ քրդական կողմից 29 զինյալ է զոհվել և 10 քաղաքացիական անձ: 17 զոհ է տվել թուրքամետ «Սիրիայի ազգային բանակը»: Թուրքիան հայտնել է, որ իր բանակից զոհվել է մեկ զինվոր և վիրավորվել՝ երեքը: Զոհեր կան նաև Թուրքիայի տարածքում: Սիրիական կողմից կատարված ռմբակոծության հետևանքով սահմանամերձ թուրքական քաղաքում առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա: Այդ մասին հայտնել են թուրք պաշտոնյաները:

Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները երեկ կայացած դռնփակ նիստում չեն կարողացել համաձայնեցնել թուրքական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Նիստի ընթացքում տեսակետներն այնքան են տարբերվել մեկը մյուսից, որ միասնական տեքստի ընդունումը դարձել է անհնար: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, համաձայն չեն եղել հայտարարության մեջ տեղ գտած «դատապարտում» բառի հետ: Նրանք նախընտրել են մեղմ դիրքորոշումը, Նահանգների ներկայացուցիչը հիշեցրել է, թե Վաշինգտոնը որևէ կերպ չի խրախուսել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում, իսկ ռուսական կողմից անհրաժեշտ են համարել, որ բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ քուրդ զինյալների դեմ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 596, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ։

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երեւանում շաբաթ օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, իսկ կիրակի՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։ 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ