News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ասացի՝ այս տարի խաղողի մթերման հետ խնդիր չկա, ասացին ո՞նց չկա, հեսա կստեղծենք ու ճանապարհները փակեցին։ Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 12–ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարարներից մեկի այն դիտարկմանը, որ աղավնաձորցիները դժգոհում են խաղողի մթերումից։

Գործարարը բողոքեց վարչապետին, որ անցյալ տարի Աղավնաձորից խաղողը գնել է գյուղացու առաջարկած գնով, սակայն այս տարի չի պատրաստվում նույնը կրկնել, քանի որ արդյունքում ինքն է տուժում։

«Ես, այդ տարածաշրջանում լինելով սպիտակ խաղողի ամենամեծ գնորդը, հետ եմ կանգնել, չեմ առնելու եւ նրանք ճանապարհ են փակելու, որովհետեւ 200 դրամ գինը, որը նորմալ գին է սպիտակ խաղողի համար, ուզում են դարձնել 400–450 դրամ, քանի որ տենդենց եղել է, որ կարող են փակել ճանապարհը եւ պարտադրել բարձր գնով վերցնել».– ասաց գործարարը։

Նրա խոսքով՝ անթույլատրելի է այդ երեւույթը եւ որ վաղն Արարատյան դաշտավայրն է ճանապարհ փակելու, ինչին վարչապետը պատասխանեց. «Բոլորը ճանապարհ են փակում ասում են, այդ ո՞նց է վարչապետը կարող է ճանապարհ փակել, մենք ոչ։ Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել՝ որպես հակաքայլ»։

Փաշինյանը նաեւ խոսեց գյուղացի–գործարար փոխգործակցության մասին՝ այն համարելով արդյունավետ աշխատանքի կարեւոր պայմաններից մեկը. «Եթե խաղող արտադրողը եւ խաղող մթերողը չարձանագրեն, որ իրենք պարտնյոր են եւ մեկն առանց մյուսի չեն կարող գոյություն ունենալ եւ հաջողություն ունենալ, բան չի փոխվի։ Եթե գործարանը սնանկացավ, հետո գյուղացին ինչքան ուզում է թող ճանապարհ փակի, այդ մթերողը չկա ի վերջո, հո՞ կառավարությունը չի մթերելու, տանի Մելիք-Ադամյանի նիստերի դահլիճում խաղողը պահեստավորի»։

Տպել