News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եղիսաբեթ II-ը երկուշաբթի կբացի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանը։ Միապետը կարտասանի այսպես կոչված գահական ճառը, որն ավանդույթի համաձայն՝ պատրաստվում է գործող կառավարության կողմից եւ ներառում է նրա հիմնական առաջնահերթությունները գալիք տարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այս անգամ խոսքը Պահպանողական կուսակցության նոր կառավարության (վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ)  գործողության ծրագրի մասին է։ Այն իշխանության է եկել հուլիսի վերջին։

Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ կներկայացվեն 22 օրինագծեր, այդ թվում առողջապահության, հանրային անվտանգության եւ իրավակարգի ապահովման, երկաթուղիների կարգավորման, միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ Բայց ուղերձի գլխավոր թեման, որը սովորաբար տեւում է 10 րոպեից պակաս, պետք է դառնա Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ հղում կատարելով կառավարության գրասենյակի աղբյուրին, թագուհին կհայտարարի այն մասին, որ խորհրդարան մտցվի Եվրամիությունից Brexit-ի մասին նախագիծ։ Բրիտանացի բանակցողներն այժմ բանավեճ են վարում Բրյուսելի հետ, որպեսզի մինչեւ հոկտեմբերի 17-18-ը գագաթաժողովին մնացած մի քանի օրում համաձայնեցնեն նոր գործարքը։ Դրանից հետո, եթե համաձայնությունը ձեռք բերվի, Ջոնսոնը պետք է այն անցկացնի խորհրդարանով։ Ավելի վաղ պատգամավորները երեք անգամ մերժել էին Brexit-ի մասին գործարքը, որն առաջարկել էր նախորդ վարչապետ Թերեզա Մեյը։ Նրան փոխարինած Ջոնսոնը խորհրդարանում ոչ մի քվեարկություն չի շահել, իսկ նրա կուսակցությունը վերջնականապես կորցրել է մեծամասնությունը։

Վարչապետը տանուլ է տվել նաեւ Գերագույն դատարանում։ Երկրի գլխավոր վերաքննիչ ատյաններից մեկն անօրինական է համարել նրա որոշումը՝ դադարեցնել խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով, որպեսզի պատրաստի գահական ելույթը։ Գերագույն դատարանի դատավորները միաձայն վճիռ են կայացրել՝ համաձայնելով Ջոնսոնի քննադատների հետ, որոնք դրանում տեսել են խորհրդարանականներին Brexit-ի ընթացքը որոշելուց հեռացնելու փորձ։

Ելույթ, որը երկար պատմություն ունի

Գահական ելույթի հանդիսավոր արարողությունը, որն ավելի քան 500 տարվա պատմություն ունի, ներառում է Համայնքների պալատի պատգամավորներից մեկի «պատանդառումը»՝ որպես թագուհուն ողջ եւ առողջ իր նստավայր վերադարձի երաշխավոր։ Բրիտանիայի միապետի պահապանները խուզարկում են պառլամենտի շենքը պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար՝ հիշատակելով Գայ Ֆոքսի եւ նրա հանցակիցների 1605 թվականի Վառոդի դավադրության մասին։

Թագուհին Վեսթմինսթերյան պալատ (այստեղ է տեղի ունենում բրիտանական խորհրդարանի նիստը) գալուց հետո վերահանդերձավորվում է, մասնավորապես՝ զգեստները փոխելու համար նախատեսված սենյակում հագնում է ձյունաճերմակ մանտիա եւ վերցնում գլխավոր պետական թագը՝ «Կոհինուր» ադամանդով, որի քաշը 105 կարատ է (ամենամեծերից մեկն աշխարհում)։

Զգեստը փոխելու սենյակից երթն ուղեւորվում է Լորդերի պալատ, որտեղ միապետը գահից կարդում է ուղերձը։

Լինելով թագուհի 1952 թվականից՝ 92-ամյա Եղիսաբեթը 65 անգամ գահական խոսք է կարդացել։ Միապետն այս արարողությունը բաց է թողել միայն երկու անգամ՝ 1959-ին եւ 1963-ին՝ հղիության պատճառով։

Պատգամավորները չորս-հինգ օր ունեն քննարկելու թագուհու ներկայացրած կառավարության գործունեության ծրագիրը, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի քվեարկության։ Վերջին անգամ խորհրդարանը թագուհու գահական խոսքը մերժել է 1924-ին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր պահպանողական Սթենլի Բոլդուինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ