News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երկրի ղեկավարներին վարկաբեկում է, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փորձում է հաճոյանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

«Շատերը չնկատեցին, բայց իմ ականջից չվրիպեց մի շատ վտանգավոր եւ տգեղ փաստ՝ այն է, որ Նիկոլ Փաշինյանը իր երկրի նախագահներից մեկին պահում է անազատության մեջ, մյուս նախագահին անընդհատ փնովում, վիրավորում է, իսկ իր թշնամի երկրի նախագահին դիմում է Իլհամ Հեյդարովիչ դիմելաձեւով, որը ռուսների մոտ համարվում է հարգանքի նշան։ Երբ այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, հերոսներին վարկաբեկում է, նման իրավունք չունի, բայց հաճոյանում է բոլորին անխտիր»,–նշեց նա։

Կարինե Աճեմյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ վարչապետ դառնալը չի նկատել այն, ինչ երկրում կատարվել է. «Նա չի նկատել, որ դպրոցականները հաճախել են թանգարաններ եւ հիմա դա վերագրում է հեղափոխությանը»։

Նա նաեւ անթույլատրելի է համարում բյուջեի մսխումը ինչ–որ աֆորիզմային մտքեր տարածելու համար. «Նա իր տափակ, պրիմիտիվ աֆորիզմները քաղաքի վահանակների միջոցով տարածելու համար  բյուջեից մեծ գումարներ է հատկացնում, որը համարում եմ անթույլատրելի»։ 

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նաեւ պնդում է՝ Ազգային ժողովի պատգամավորների այսպիսի «վոյաժներ» Աժ աշխատակազմը նախկինում չի տեսել. «Ես եղել եմ միջխորհրդարանական միության պատվիրակության անդամ, տարբեր երկրներում հանդես ենք եկել 3,4 կամ մաքսիմում 9-հոգանոց պատվիրակությամբ, իսկ հիմա տեսնում եմ՝ 16 հոգով գնում են միջխորհրդարանական միության նիստին, ընդ որում՝ լիագումար նիստերի դահլիճում միայն 3 հոգու տեղ է հատկացվում, 1-2 հոգի էլ հազիվ աշխատի հանձնաժողովների աշխատանքներին, իսկ իրենք նույնիսկ տնտեսավարողներին են տանում գործուղումների, իրենք ինչ օգուտ են տալիս երկրին»։

Նրա համոզմամբ՝ բոլոր առումներով հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղու առաջ են. «Դա ասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի՝ ՌԴ ԱԳ նախարարը, իսկ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է իր ժողովրդին, 1.5 տարի առաջ եղած թշնամանքը ավելի է խորանում, իրար դեմ գզվռտոցը շարունակվում է, սա տանելու է երկրի թուլացման։ Միջազգային արենայում եղած հարաբերությունները զրոյանում են։ Հայաստանը «իզգոյի» կարգավիճակում է հայտնվում»։

Կարինե Աճեմյանը նշում է՝ եթե Նիկոլ  Փաշինյանը եկել է, որ բոլորին ենթարկի իրեն, երկրիը դարձնի տոտալիտար, ապա ճիշտ ճանապարհին է։

«Եթե կարելի էր 10-20 տարի շարունակ այս ժողովրդին ստով, այսպիսի մանիպուլյացիայի ենթարկել, ուրեմն կարելի է անվերջ ստել»,–հավելեց նա։

Տպել