News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ վերականգնված Գոհար տիկնոջ Վերին մզկիթի բացումը: 19-րդ դարի մզկիթի վերականգնման աշխատանքները սկսել էին 2014թ. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ։

«Շուշին Արցախի կարևոր մշակութային կենտրոնն է, որը պետք է պահպանվի եւ զարգանա: Դրա համար մենք պետք է ցույց տանք մեր արժեքների տարբերությունը: Ամեն ինչ, որ գտնվում է հայկական հողի վրա, մերն է, մենք պետք է պահպանենք եւ հարգենք պատմությունը: Մեր պատմության մեջ տարբեր էջեր են եղել, ունեցել ենք տարբեր հարեւաններ, որ կողք կողքի ապրել ենք, միշտ չի եղել պատերազմ, միշտ չի եղել ատելություն»,– լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որը մասնակցում էր բացման արարողությանը:

Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ եւ կրում է նրա անունը: Այն վերականգնելու աշխատանքներին մասնակցել է Իրանից ժամանած 12 մասնագետ, որոնք ունեն աղյուսի հետ աշխատելու եւ իսլամական հոգեւոր կառույցների վերականգնման աշխատանքների հարուստ փորձ: Հիմնովին վերականգնվել է նաեւ մզկիթի հարեւանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգեւոր վարժարան), ընդլայնվել եւ բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: Վերականգման աշխատանքներն իրականացրել են տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններ՝ «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) եւ Իրանական մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):

Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ