News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանը քննության չի առնի Ազգային ժողովի դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այսօր բարձր դատարանը աշխատակարգային նիստում որոշել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակազմից հայտնում են, որ որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում։

Կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու եւ երկրով մեկ տարածելու համար: Այս նախաձեռնության թե բովանդակությունը, թե շռայլությունը քննադատությունների առիթ դարձավ, շատերը սա համարեցին մոռացված սովետի, կամ մերժված նախորդների կարգախոսների շարունակություն։ Մոտ 50 միլիոնն էլ ընդ որում տրվել է առանց մրցույթի եւ այն հրատարակչությանը, որ տպագրել էր Փաշինյանի գիրքը։ Հրատարակչության տնօրենն էլ ՀԱԿ-ի հետ մերձավոր կապեր ունի։ Այս շղթան ԽԾԲ մշակույթն է հիշեցրել «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանին։ Նա այսօր հայտարարել է՝ «սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա եւ դա խնդիր է»: Պատգամվորը նաեւ հիշեցրել է Արագոծոտնի մարզում բիզնես ֆորումի ժամանակ մրցունակությունից խոսելիս վարչապետը բացառել էր խտրականությունը՝ հիմնված քաղաքական հայացքների վրա: Եվ չնայած դրան փաստորեն ուժի մեջ է՝ «բյուջեն մսխելու հնաոճ արվեստը»։

«Էրեբունու» ծննդատանը հոկտեմբերի 9-ին 47-ամյա ծննդկան է մահացել։ Ծննդատնից հայտնել են, որ կինը հղիացել էր արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով, հղիության 35-րդ շաբաթում կեսարյան հատմամբ երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում: Միացվել է արհեստական շնչառական սարքին: Մեկ ու կես ժամ անց կինը մահացել է։ Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն:

Կեսարյան հատմամբ ծնվել է զույգ երեխա՝ տղա եւ աղջիկ: Ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, ստացել են բուժում, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

«Սանիթեքը» սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց։

Ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ։ Հիշեցնենք՝ քաղաքապետ Հայկ Մարությանը միակողմանի լուծել էր «Սանիթեքի» հետ պայմանագիրը՝ նշելով մի քանի հիմք, որոցից գլխավորը աղբահանության ձախողումն էր:

Թուրքիայի նախագահ Էրդողանը ամփոփել է Սիրիայում թուրքական ռազմարշավի 5-օրյա գործողության արդյունքները։  Նա հայտարարել է, որ 490 ահաբեկիչ է չեզոքացվել, այդ թվում՝ 440-ը սպանվել են, 26-ը վիրավորվել, ևս 254-ը վայր են դրել զենքը: Նա նաև ասել է, որ թուրքական բանակից 2 զինվոր է զոհվել ու 16 մարտիկ սիրիական ընդդիմադիր բանակից: Սիրիական կողմից ռմբակոծությունների հետևանքով, ըստ նրա տվյալների, Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը վիրավորվել են: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական բանակը 30-35 կմ. խորացել է Սիրիայի տարածք և վերահսկողություն է սահմանել Ռաս ալ-Այն քաղաքի վրա։ Ըստ այլ տվյալների՝ թուրքական բանակից մի քանի զինծառայող է զոհվել, քրդամետ ուժերը 56 զինյալ են կորցրել, Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում առնվազն 80 զոհ կա: ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտավորապես 130 հազար մարդ ստիպված հեռացել է իրենց բնակավայրերից: Իսկ ԵՄ-ից շարունակվում են դատապարտող հայտարարությունները։ Եվրամիության ԱԳ նախարարները այսօր Թուրքիային կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ դուրս բերել զորքերն այդ երկրից։ Թուրքիան սակայն բացառում է այդ սցենարը։

Այսօր նաեւ Հայաստանի ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց՝ Սիրիայում մեր դիվանագիտական ներկայացչությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։

Եվ Անի Զախարյան․ նա խոստանում է նոր հեղափոխություն եւ մտադիր է դառնալ Փաշինյանի հաջորդը։ Զախարյանն այսօր եռագույն հագած հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից կառավարության շենքի դիմաց սկսվում է ստորագրահավաք իր վարչապետության համար, ապա ընթերցել է հեղափոխության հռչակագիրը։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 598, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ։

Հոկտեմբերի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ