News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Արցախի Արդարադատության նախարարությունում գրանցված 22 կուսակցություններից 15-ի հետ ՀՅԴ-ն հանդիպել է, 3 կուսակցություն հրաժարվել է հանդիպել, մյուս կուսակցությւոնների հետ չի հաջողվել կապ հաստատել, որովհետեւ չեն եղել կուսակցության պատասխանատուներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց  ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ նախաձեռնած միջկուսակցական քննարկումների ընթացքին։

Նա տեղեկացրեց, որ քննարկումների առաջին փուլն ավարտված է, եւ արդեն կան համախոհության որոշ նշաններ․ «Առաջին փուլն ավարտել ենք, մենք ունենք արդեն որոշակի պատկերացումներ եւ նաեւ քննարկումների արդյունքերը։ Առաջին փուլի մեր քննարկումները վերաբերում էին միասնական օրակարգի հարցերին, այն օրակարգի, որ մեր կողմից ներկայացվել է քաղաքական ուժերին, եւ այդ օրակարգի շուրջ ընդհանուր համախոհության եւ համաձայնության առաջին ծիլերը կան, այսինքն՝ քաղաքական ուժերի կողմից ողջունվել է մեր նախաձեռնությունը ,եւ հստակ դիրքորոշում է ներկայացվել օրակարգին, սակայն կարծում եմ՝ երկրոդ փուլի արդյունքում կարող ենք վերջնական խոսել ընտրություների մասնակցության ձեւի, ձեւաչափի մասին, որովհետեւ տարբեր պատկերացումներ կան նաեւ մի շարք կուսակցությունների մոտ, հատկապես այն կուսակցությունների, որոնք արդեն իսկ փորձում են անձի շուրջ ձեւավորել իրենց ընդհանուր քաղաքականությունը եւ իրենց ապագա քաղաքական քայլերը։ Այդ առումով թերեւս մի քիչ վաղ է վերջնական տեսակետ ներկայացնելու, բայց առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարծում եմ՝ կամբողջականա եւ արդեն վերջնական կունենանք մեր կուսակցության հստակ դիրքորոշումը»։

Իշխանյանը նշեց, որ ՀՅԴ-ի նախաձեռնած քննարկումներին չեն մասնակցել այն կուսակցությունները, որոնք ունեն ինքնուրույն օրակարգ․«Երեք կուսակցություն հրաժարվել է ընդհանրապես մեզ հետ հանդիպելուց, մեկը խորհրդարանում գործող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը եւ արտախորհրդարանական «Հանրապետություն» եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները, որոնք ներկայացրին, որ ունեն իրենց օրակարգը եւ իրենց սեփական թեկնածուն»։

Մինչդեռ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ ՀՅԴ արցախյան թեւը կարողացել է որոշակի փոխհամաձայնություն ձեւավորել, թեեւ ոչ վերջնական, քանի որ «Ազատ հայրենիքը», ըստ Դավիթ Իշխանյանի, կենտրոնացած է իր թեկնածուի վրա․ «Ինչ վերաբերում է «Ազատ հայրենիքի» հետ մեր ընկալումներին, թերեւս ընդհանուր ընկալումը եւ տեղեկատվությունը մի քիչ այլ ձեւ է ներկայացվում։ «Ազատ հայրենիքի» հետ հանդիպման ժամանակ ընդհանուր հարցերը, որ մենք ներկայացրել ենք, ընդհանուր փոխըմբռնում կար, եւ «Ազատ հայրենիքի» կողմից եւս ողջունվեց մեր ներկայացրած օրակարգը։ Մենք այդ հարցերի մասին խոսեցինք առանձնաբար, ոչ միայն արտաքին ու ներքին խնդիրների մասին, այլ նույնիսկ սահմանադրական բարեփոխումներին անդրադարձանք 2020 թվականի ընտրություններից հետո։ Բայց խնդիրն այստեղ այլ է, «Ազատ հայրենիք» կուսակցությունը գոնե այս պահի դրությամբ ամեն ինչ կառուցում է իր սեփական թեկնածուի շուրջ եւ փորձում են սեփական թեկնածուի առաջադրմամբ ամեն ինչ համախմբել, ամեն ինչ կառուցել իրենց թեկնածուի շուրջ։

Մեր մոտեցումները մի քիչ այլ են, մենք ինչու ենք նախաձեռնել այս գործընթացը, սա ինքնանպատակ չէ, կամ որ անճարակ ենք, չունենք թեկնածու եւ չենք կարող թեկնածու առաջադրել։ Մենք փորձել ենք բոլոր քաղաքական ուժերին բացատրել ընդհանուր իրավիճակը, բոլոր ուժերին ներկայացնել այն հանգամանքը, որ անցած տարիներին խիստ կարեւորվում էր մեր ընդհանուր միասնականության դրսեւորումը եւ համախոհության մթնոլորտում գործելու անհրաժեշտությունը, իսկ այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր է, եւ այն մթնոլորտը, այն մարտահրավերները, որ մեր առջեւ են, հատկապես արտաքին ճակատում, մեկ անգամ եւս մեզ թելադրում են, պարտադրում են, որպեսզի կարողանանք ընդհանուր համախոհություն դրսեւորել։ Այստեղ խնդիրը այն չէ, որ բոլոր կուսակցությունները գան մեկ դաշտ եւ ունենան մեկ թեկնածու, խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը կարողանան իրար հետ քննարկել ընդհանուր իրավիճակը, ձեւավորել ընդհանուր օրակարգ եւ այս օրակարգի շուրջ արդեն խոսվի թեկնածուների մասին, բայց ցավոք որոշ կուսակցություններ ունեն շատ մակերեսային պատկերացումներ, մոտեցումներ, եւ ամեն ինչ փորձում են կառուցել անձի շուրջ»։

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ իրենց ակնկալած խորքային քննարկումները երեբեմն չեն հաջողվել, քանի որ որոշ կուսակցություններ որպես այդպիսին ձեւավորված չէին․ «Մի շարք այսպես կոչված կուսակցությունների հետ քննարկումները շատ մակերեսային էին, որովհետեւ դասական առումով այդ կուսակցությունները չկան եւ չեն գործում, խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների նախաշեմին ձեւավորված կուսակցություններ են, որոնց կարելի է համարել մարդ-կուսակցություններ»։

Դավիթ Իշխանյանը նաեւ ճգրտեց, որ քննարկումները համաձայնեցված թեկնածուի շուրջ են, եւ ոչ թե միասնական, ընդ որում, թեկնածուին անդրադառնալու են միայն ընդհանուր օրակարգը համաձայնեցնելուց եւ հաստատելուց հետո․ «Մենք խոսում ենք համաձայնեցված թեկնածուի մասին, միասնական թեկնածու եւ համաձայնեցված թեկնածու մի քիչ այլ են։ Ես փորձեցի բացատրել ռազմավարությունը՝ օրակարգի ձեւավորում, օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու ունենալու հանգամանք։ Այդ ամենը պետք բնականաբար ամրագրվի հուշագրով, յուրաքանչյուրի դերակատարությամբ։ Եթե չհաջողվի ընդհանուր համաձայնություն ունենալ, եթե չկարողանանք հաջողել համաձայնեցված թեկնածուի գաղափարը միասնական օրակարգի շուրջ, ՀՅԴ-ն հանդես կգա իր սեփական թեկնածով»։ Քննարկումների երկրոդ փուլում դաշնակցականները կհանդիպեն Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ, եւ միայն այդ քննարկումներից հետո կհրապարակենք իրենց որոշումը․ «Նոյեմբերին մեր արտակարգ ժողովում մեր վերջնական որոշումը կայացնելու բոլոր հիմքերը կարծում եմ կունենանք»,- ասաց Դավիթ Իշխանյանը։

Իսկ 2020 թվականին Դաշնակցությունը չի ակնակալում, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն իդեալական, բայց նաեւ Դավիթ Իշխանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ տարեցտարի ընտրական մեխանիզմները կատարելագործվում են։

«Ընտրկան մեխանիզմն Արցախում տարեցտարի կատարելագործվել է, բայց այդ ամենը դեռեւս իդեալական չէ, եւ թերեւս 2020 թվականի ընտրությունները չեն կարող լինել այն իդեալական ընտրությունները, որը մենք երազում ենք եւ որին ձգտում ենք, բայց որ յուրաքանչյուր ընտրություն մի քայլ առաջ էր, սա ակնհայտ է։ Այդ ամենը մեզ թելադրում են, որ մենք ունենք բավարար հիմքեր ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ կայացնելու»,- նշեց նա։

Տպել