News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում Կլոր սեղան է ընթանում, որը նվիրված է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրինագծի քննարկմանը: Օրինագծի հեղինակն է Հայաստանի արդարադատության նախարարությունը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց օրինագծի ընդհանուր դրույթները: «Օրինագիծը սահմանում է ապօրինի ձեռք բերված գույք հասկացությունը: Սա քաղաքացիա-իրավական գործընթաց է, որը չի հետապնդում քաղաքացուն պատժելու նպատակ»,- նշեց փոխնախարարը: 

Այս փուլում դատախազության ներկայացրած գործերը քննելու է քաղաքացիական դատարանը, իսկ ապագայում՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումից հետո, գործերի քննումը կանցնի դրանց:

Նրա խոսքով՝ ուսումնասիրման նախաձեռնման հիմքերը կապված են քաղաքացու որոշակի գործողությունների կամ կարգավիճակի հետ: Օրինակ՝ անձին մեղադրյալ ներգրավելը հանցավոր խմբավորումներում մասնակցության, զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման առնչությամբ և եթե դրան զուգահեռ առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին կասկածներ: Պաշտոնատար անձանց դեպքում ուսումնասիրություն հնարավոր կլինի նախաձեռնել նաև օպերատիվ հետախուզական տեղեկությունների հիման վրա։ Ուսումնասիրությունը հնարավոր կլինի նախաձեռնել, նույնիսկ եթե քրեական վարույթի իրականացումը անհնար է որոշակի հանգամանքների պատճառով՝ վաղեմության ժամկետները անցնելու կամ անձի՝ քրական պատասխանատվության տարիքի չհասնելու: Օրենքում գույքի բռնագանձման համար որպես «նշաձող» է սահմանված եկամուտների եւ ունեցվածքի միջեւ 50 մլն դրամի տարբերությունը:

Փոխնախարարը նշեց օրենքի խնդրահարույց կետերը, որոնք հարուցել են հանրության արձագանքը: Նա առաջին հերթին նշեց օրենքի հետադարձ ուժի հնարավորությունը: Սրբուհի Գալյանի խոսքով՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընտրվել է ուսումնասիրման 10-ամյա ժամանակահատվածը: «Բացառություն է 10 տարուց ավելին՝ մինչեւ 1991 թվականը, եթե ինչպես իրավասու մարմնի, այնպես էլ պատասխանողի համար պահպանվել են հնարավոր ապացույցները»,- նշեց փոխնախարարը: Ընդ որում՝ եթե գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, բայց հետագայում փոխանցվել է բարեխիղճ երրորդ անձանց, դա պատասխանողին չի ազատում համարժեք գույքի բռնագանձումից:

Կլոր սեղանի մասնակիցների շրջանում հարցեր հարուցեց այն հանգամանքը, որ 10, առավել եւս 15 տարի առաջ գույքն այլ գին ուներ, ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու արժեքը: Սրբուհի Գալյանի խոսքով՝ օրինագիծն այս հարցի պատասխանը տալիս է՝ տարբերակ է ընտրվել, որի դեպքում գույքի ձեռքբերման համար օրինական եկամուտների առկայության գնանատման համար համադրվում են  ձեռքբերման պահին գույքի գինը և այդ պահին անձին հասանելի եկամտի աղբյուրները, իսկ գույքը ենթակա կլինի բռնագանձման, եթե դրա արժեքը գործի քննության պահին գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։ Այս տարբերակն է ընտրվել, որովհետեւ որոշակի անհավասարակշռություն կա այդ ժամանակվա եւ այժմյան գների ու աշխատավարձերի միջեւ: 

Ինչ վերաբերում է վերեւում նշված օպերատիվ տեղեկությանը՝ որպես գործընթացը նախաձեռնելու հիմք, այսինքն՝ նման տեղեկության հավաստիությանը եւ տեղեկության աղբյուրի բանատեղյակությանը, փոխնախարարը նշեց, որ օրենքում այդ տեղեկության տրամադրման սահմանները եւ պայմանները հստակ չեն, եւ դրանց հստակեցումը աննպատակահարմար կլիներ: «Իրավասու մարմինը օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո անմիջապես գործընթաց չի նախաձեռնում: Սկզբում գնահատում է ստացած տվյալները»,- նշեց Գալյանը:

Ինչ վերաբերում է վերեւում նշված օպերատիվ տեղեկությանը՝ որպես գործընթացը նախաձեռնելու հիմնավորում, այսինքն՝ նման տեղեկության հավաստիությանը եւ տեղեկության աղբյուրի բանատեղյակությանը, փոխնախարարը նշեց, որ օրենքում այդ տեղեկության տրամադրման սահմանները եւ պայմանները հստակ չեն, եւ դա աննպատակահարմար կլիներ: «Իրավասու մարմինը օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո անմիջապես գործընթաց չի նախաձեռնում: Սկզբում վերստուգում է ստացած տվյալները»,- նշեց Գալյանը:

Իսկ ինչ վերաբերում է որպես իրավասու մարմին դատախազությունը ընտրելուն եւ նման որոշման սահմանադրականությանը, Սրբուհի Գալյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է այն փաստով, որ մարմինը պետք է լինի անկախ, սակայն տվյալ դեպքում գործ ունի օպերատիվ եւ գաղտնի տեղեկությունների հետ: Նախարարությունում կարծում են, որ այս դեպքում սա պետության գույքային շահերի պաշտպանության դասական դեպք է, եւ այս որոշումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ: Ապագայում, երբ հստակ լինի, որ ինստիտուտը հաստատվել է, լիազորությունները կարող են փոխանցվել անկախ գրասենյակներին:

Հարցին, թե որքան ժամանակի համար է հաշվարկված օրենքը, փոխնախարարը պատասխանեց, որ այն չի դառնալու անցումային արդարադատության մի մասը, բայց գործելու է անժամկետ։ Նրա խոսքով՝ օրենքի հիմքերը դրված են վաղուց, դեռեւս մինչեւ «թավշյա հեղափոխությունը», եւ բուն օրենքը բխում է երկրի միջազգային պարտավորություններից։ «Մեղավորների» մոտավոր թվի եւ գույքի չափերի հաշվարկներ նախարարությունը չունի։ Ինչ վերաբերում է ակնկալվող արդյունքներին, դրանք սերտորեն կապված են անօրինական վաստակած գույքը շրջանառությունից հանելու եւ պետությանը վերադարձնելու հետ։ Այստեղ եւս ոչ մի հաշվարկ չկա։

Իրավացի հարցը՝ ի՞նչ անել անօրինական վաստակած «առաջին միլիոնի» օրինական եկամտի հետ, անհանգստացնում է նաեւ դատախազությանը։ «Մենք ելնում ենք այն բանից, որ եթե առաջին միլիոնը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, կապիտալի հաջորդող մեծացումը նույնպես եղել է անօրինական, եւ ամբողջ ունեցվածքը ենթակա է բռնագանձման»,- պարզաբանել է փոխնախարարը։

Նախարարության խորհրդական Անի Վարդերեսյանի խոսքով՝ գործընթացը բաղկացած է 2 մասից՝ տեղեկատվության ուսումնասիրումից եւ դատարան դիմելուց։ Առաջին մասում ի հայտ են բերվում եկամուտների աղբյուրները, եւ եթե հայտնաբերվում է անհամապատասխանություն եկամուտների եւ ունեցվածքի չափերի միջեւ, անձը հրավիրվում է քննչական մարմին։ Եթե անձին հաջողվում է գույքի ծագման օրինականության ապացույցներ ներկայացնել, լավ է։ Հակառակ դեպքում դիմում են դատարան։ Դատախազությունը ներկայացնում է իր փաստարկները, քաղաքացին՝ իր։ Եթե տարբերությունը չի գերազանցում 50 մլն-ը, գույքը չի բռնագանձվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ