News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բոլոր թեկնածուներն էլ համոզված եմ ՀՀ իշխանությունների համար ցանկալի են լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Արցախի նախագահի ընտրություններում ՀՀ իշխանությունների ֆավորիտը ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է։

«Ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները որեւէ միջամտություն չեն ունենալու, եւ ընտրության արդյունքերը հարգվելու են Հայաստանի իշխանությունների կողմից։ Այն, որ շահագրգռված են, որ Արցախում տեղի ունենան նորմալ ընտրություններ՝ մաքուր, թափանցիկ, միանշանակ է, ինչը մենք էլ ենք ուզում։ Ընդհանուր առմամբ, շահերը համընկնում են, եւ միասին իրականցնելու ենք մի ծրագիր՝ նախընտրական, քարոզչական, որ ընտրությունները համապատասխանեն միջազգային բոլոր ստանդարտներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա հայտնեց, որ պարբերաբար հանդիպում է ՀՀ ղեկավար կազմին, եւ բոլորի հետ բավականին լավ հարաբերություններ ունի․ «Հանդիպում եմ բոլորի հետ՝ և վարչապետի, և ԱԺ նախագահի, բավականին լավ հարաբերություն ունեմ ղեկավար կազմի հետ, չեմ թաքցնում։ Բայց դա չի նշանակում որեւէ արտոնություն, կամ որ պարտավորված են աջակցելու։ Հանդիպումներ ունենում եմ հաճախակի, հիմնականում տարբեր թեմաներ քննարկելու նպատակով։ Բոլորիս նպատակը նույնն է, Արցախում պիտի կայանան նորմալ, ժողովրդավարական ընտրություններ»։

Արայիկ Հարությունյանը ճշգրտեց իրենց կուսակցության դիրքորոշումը՝ հանդես չեն գալու միասնական թեկնածուով, ունեն ինքնուրույն օրակարգ, այլ օրակարգ ընդունելու անհրաժեշտություն չեն տեսնում․ «Մենք ունենք մեր հստակ ձեւավորված օրակարգը, եւ այն քաղաքական ուժերը, որոնք կընդունեն, նրանց հետ համագործակցելու ենք դաշինքով կամ հետընտարական համագործակցության եզրեր փնտրելով։ Մենք բաց ենք, Արցախի բոլոր քաղաքական ուժերի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, չենք բաժանում Արցախը յուրայինների եւ ոչ յուրայինների, ցանկալի կամ ոչ ցանկալի ուժերի»։

Նա ընդգծեց, որ արդեն իսկ կան ուժեր, որոնք սատարում են իրենց օրակարգը, եւ համոզմունք հայտնեց, որ նրանց թիվը կաճի։

Իսկ «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը կայանալու նոյեմբերի 9-ին, որի ժամանակ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հայտարարվելու է ԱՀ նախագահի իրենց թեկնածուի անունը եւ նաեւ հաստատվելու է նախընտրական ծրագիրը։

Որեւէ հնարավոր թեկնածուի՝ որպես գլխավոր մրցակից, Հարությունյանը չառանձնացրեց՝ բոլորին համարելով մրցակից․ «Բոլորին էլ տեսնում եմ մեզ մրցակից։ Մեր նպատակն է, որ նախընտարական ընթացքը, քարոզարշավն այնպիսին լինեն, որ հասարակությունը չպառակտվի։ Մեզ համար բացարձակ արժեք է ներքին կայունությունը»։

Անդրադառնալով իրենց ծրագրի տրամաբանությանը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարն ասաց, որ այն հիմնված է լինելու ԱՀ Սահմանադրության առաջին կետի վրա՝ Արցախը ինքնիշխան, իրավական, սոցիալական երկիր է․ «Այդ երեք բառի մեջ ամեն ինչ արտահայտված է»,- եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ