News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ ժամը 4 անց 20-ին ոստիկանները նկատել են երկու երիտասարդի, որոնք, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանները հետապնդել են եւ բռնել են երիտասարդներին Ազատություն-Բաբայան խաչմերուկում։ Նրանցից մեկը խլել է ոստիկանի ատրճանակը, հարվածել է գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի ձախ բազկին։ 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանը հրազենային վնասվածքից մահացել է, մյուս ոստիկանը հոսպիտալացվել է, վիճակը բավարար է։

Հանցագործությունը շուտով բացահատվեց։ Իրավապահները Պռոշյան գյուղում հայտնաբերեցին երիտասարդներին։ Պարզվեց նրանք եղբայրներ են՝ 16 եւ 18 տարեկան։ Դեպքից ժամեր առաջ նրանք գողություն էին կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության մի սրահից, որից հետո տեսնելով ոստիկանների՝ դիմել էին փախուստի։ Իսկ արդեն դեպքից հետո վերադարձել էին գյուղ եւ իրենց հետ տուն բերել նաեւ ոստիկանից խլած ատրճանակը։ Եղբայրները ձերբակալվել են։

Մամուլին հայտնի է դարձել, որ նրանք մանկատան սաներ են եղել: Տարիներ առաջ խոշտանգվել են մոր կողմից, ինչից հետո տեղափոխվել են մանկատուն, նրանցից մեկին 7 տարեկան հասակում մայրը դանակահարել է, սրտի, ստամոքսի հատվածում վնասվածքներ հասցրել։ Նրան եւս մեկ մեղադրանք է առաջադրվել որդիներին պարբերաբար փայտով եւ այլ իրերով ծեծելու համար։ Կինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

Ոստիկանապետի պաշտոնակատարի հրամանով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգեւատրվել են։ Ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Սխրագործության համար» մեդալով, նույն վաշտի ոստիկան, կրտսեր սերժանտ Հակոբյանը  պարգեւատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանից մեկնել են Ստեփանակերտ, նրանց այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Քննարկվել են հակամարտության կարգավորմանը, առաջնագծի իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի շրջանակում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը։

Հայաստանի օդային տարածքում արդեն նորեկ կա, որ խոստանում է ուղիղ եւ մատչելի չվերթներ դեպի Եվրոպա։ Իռլանդական խոշորագույն Ryanair ավիաընկերությունը հունվարին Հայաստանից Հռոմ եւ Միլան կթռչի, իսկ ամռանը՝ Բեռլին, այդ ամիսներին կգործի նաեւ Գյումրիից Եվրոպա ուղղությունը՝ դեպի Մեմինգեն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դավիդ Օ՛Բրիենը: Նա նշեց, որ Հայաստանը Ryanair-ի ցանցում 40-րդ երկիրն է դառնում եւ իրենց ավիաընկերությունը կարող է մեր երկիրը կապել Եվրոպայի 86 քաղաքների հետ։

Հարկային գերավճարների ցուցանիշը 9 ամսվա կտրվածքով կազմել է 52,9 մլրդ դրամ, 6 ամսում 63 մլրդ էր, այսինքն եղել է նվազում ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն, հարկային մուտքերի ընդհանուր տեմպը այսօր գնահատել է շատ ավելի լավը, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս: Չնայած ավտոներկրողների դժգոհությանը՝ մաքսային ձեւակերպումների հասցեն կփոխվի, Գյումրիում այս տարվա նոյեմբերի սկզբին պատրաստ կլինի ավտոմաքսատունը, ինչպես Անանյանն ասաց,  տեխնիկայի վերջին ճիչով։  Ի դեպ, հարկեր չվճարած 9 երգիչ-երգչուհիներից 5-ը արդեն հայտարագրել են իրենց եկամուտները, Դանիթ Անանյանը հայտնեց, որ մի երգչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի։ 

Կարտոֆիլը գարնանը ավելի կթանկանա, ցորենի ցանքատարածությունները ավելի կպակասեն։ Այսպիսի գյուղատնտեսական տարի է սպասվում՝ գյուղատնտես Հրաչ Բերբերյանի կանխատեսումներով։ Նրան նաեւ զարմացրել էին կառավարության ամփոփիչ թվերը, որոնք, ըստ նրա, իրականությունից շատ հեռու են, օրինակ՝ 19 հազար տոննա անասունի միս, երբ նման թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել, կամ խաղողի բերքի ֆենոմենային թիվ, երբ 30 տոկոս նվազում է եղել։ 

Թուրքիան անդրդվելի է․ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարային չի անհանգստացնում պատժամիջոցների սպառնալիքը, եւ իրենք մտադիր են շարունակել «Խաղաղության ակունք» ռազմարշավը։ Սիրիական կառավարական ուժերի մուտքը Մանբիջ եւս նրան չի անհանգստացնում՝ «ի վերջո դա նրանց տարածքն է»,ժ ասել է Էրդողանը, բայց նաեւ զգուշացրել է, որ եթե Ասադը կամ Մոսկվան չկարողանա քաղաքը մաքրել ահաբեկիչներից, ապա տեղի ցեղապետերը կարող են խնդրել թուրքերի միջամտությունը։

Իսկ Վաշինգտոնի հանդեպ Էրդողանը կոշտացնում է վերաբերմունքը։ Նա չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, որը մեկնում է Թուրքիա։ Էրդողանը հայտարարել է՝ ամերիկյան պատվիրակները կբանակցեն իրենց պաշտոնակիցների հետ, իսկ ինքը Փենսի հետ չի խոսի, ինքը կխոսի միայն նախագահ Թրամփի հետ։ Էրդողանը պատրաստվում է խոսել նաեւ Ռուսաստանի նախագահի հետ։ Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, նա առաջիկայում կմեկնի Մոսկվա ՝ քննարկելու իրավիճակը Սիրիայի հյուսիսում։

Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին: Դեսպանների նշանակման լսումների ընթացքում Մոլդովայի հայ համայնքի նախագահ Հայկ Վարդանյանը, դիմելով Թուրքիայում դեսպանի թեկնածու Կրոյտորին, հայտարարել է՝ «Մոլդովայի խորհրդարանում մոտ ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի, եւ Մոլդովան կարող է միանալ ԵՄ երկրների մեծամասնությանը, որոնք դատապարտել են 1915-ի ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն»։

Դոլարն այսօր փոքր-ինչ թանկացել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 608, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +25+27:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ