News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր առջև Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ իր չի դրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը զավթելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու ՀՔԾ որոշմանը։

«Ես կարող եմ միայն փաստել, որ Հատուկ քննչական ծառայությունում պատգամավորի կողմից մատնանշված խնդիրների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կարծում եմ քննությունը ցույց կտա ընթացքը»,–ասաց նա։

Հարցին, արդյոք սա բարձր դատարանի նկատմամբ հերթական ճնշման  փորձը չէ, կառավարության ներկայացուցիչը արձագանքեց.

«Բարձր դատարան լինելու հետ կապված նախկինում պետք է մտածեին,  համապատասխան վերաբերմունք և հարգանք ցուցաբերեին այդ դատարանի նկատմամբ, որպեսզի մենք այսօր նմանատիպ հարցեր մեր օրակարգում առհասարակ չունենայինք։ Խնդիրները պետք է պատշաճ քննարկվեն, և ես կարծում եմ, որ քննությունը կտա այդ հարցերի պատասխանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձո՞վ է պայմանավորված և եթե նա հրաժարական տա, այս գործընթացները կդադարեցվե՞ն, Ավինյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ միայն անձով է պայմանավորված ինստիտուտի աշխատանքը»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել