News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիմքով ՀՔԾ-ն այսօր քրեական գործ հարուցեց 300-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության զավթում, որը ըստ հաղորդման՝ կատարել են Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնյաներ՝ յուրացնելով ՍԴ նախագահի պաշտոնը։

Քրեական գործի հարուցումից հետո անմիջապես սկսվեցին քննչական գործողություններ, նախ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ ՀՔԾ քննիչը եկել է կուսակցության գրասենյակ՝ առգրավելու Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Քննիչները հասցրել են նաեւ այցելել Սահմանդրական դատարանի շենք եւ այնտեղ քննչական գործողություններ են իրականացրել։

Այս շարքի կուլմինացիան եղավ ԱԱԾ քննիչների այցը Թովմասյանի հայրական տուն։ ԱԱԾ-ից նախ ծանուցագրերով հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորը եւ երկու դուստրերին։ Բայց քանի որ Վարդան Թովմասյանը վատառողջ է, մի քանի վիրահատություն է տարել, ԱԱԾ-ականները իրենք եկան նրա տուն՝ Դարակերտ գյուղ։ Միակ բանը, որ քննիչներին հետաքրքրել է, պարզվեց` եղել է տան տանիքը, թե երբ են այն նորոգել, որքան են ծախսել:

Իրավապահների այս գործողություններին խիստ արձագանքեր հետեւեցին։ «Քրեական գործի հարուցումը այլ բացատրություն, քան քաղաքական հետապնդում, չունի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ «մեծ ցանկության դեպքում էլ որեւէ ողջամիտ իրավաբան չի կարող այստեղ ոչինչ գտնել»։

Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը եւս հաստատեց՝ այդ գործը քրեական իրավունքի հետ, սահմանադրական իրավունքի հետ որեւէ աղերս չունի։ Եղածն այնքան անհավատալի էր, որ, ասաց, իրեն մի պահ թվացել էր, թե հաղորդագրություն պաշտոնական չէ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՀՔԾ-ի այդ այդ քայլը համարեց ծաղր իրավունքի նկատմամբ։ «Հաջորդը երևի լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր Թովմասյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Կառավարության նիստը Փաշինյանը սկսեց վատ լուրով, ասաց՝ մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում։ Արծվանիկի պոչամբարի խողովակաշարը վթարվել է, աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Ջուրը պղտորվել է։

Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրեց, որ վթարը վերացված է, եւ ըստ նրա՝ մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է։ Տեսչական մարմնի ստուգումներից հետո տուգանք կնշանակեն։

Կառավարության նիստում մի վատ լուր էլ հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Կապանում սողանքից հողի տակ է անցել երկհարկանի տուն՝ մեջը մարդիկ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկու ամուսիներն էլ մահացել են, փլատակներից փրկարաները հանել են 69-ամյա կնոջ եւ 76-ամյա տղամարդու դիեր։

Զոհված զինծառայողների մայրերին այսօր ընդունեց վարչապետ Փաշինյանը։ Նրանք էլ են կառավարությունից ակնկալում 30-ական միլիոն դրամ՝ այնքան, որքան տրվել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։ Վարչապետը սակայն համակեցությանը դեմ համարեց այդ համեմատությունը եւ խոսեց «1000 դրամների» հիմնադրամի շահառուների աճող ցուցակի մասին։

Փաշինյանը ժամանակ խնդրեց, որպեսզի կարողանան շահառուների ցանկը էլ ավելի ընդարձակել։ Հանդիումից հետո սակայն «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարեց՝ ոչ մի պատասխան չունեցանք։

Երեւանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ այսօր Ոստիկանության ակադեմիայում։ Հոգեհանգստին ներկա էին վարչապետ Փաշինյանը, ոստիկանապետի պաշտոնակատարը, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, պատգամավորներ և պաշտոնյաներ։

Հիշեցնենք, Տիգրան Առաքելյանը մահացել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածքից, երբ ծառայակցի հետ փորձել էր բռնել կասկածելի երկու երիտասարդի։ Նախագահի հրամանագրով նա պարգեւատրվել է Արիության մեդալով։

Մամուլին հասանելի է դարձել Թրամփի նամակը էրդողանին՝ գրված հոկտեմբերի 9-ին, նախքան թուրքական ռազմարշավը դեպի Սիրիա։ Թրամփը իր ձեւակերպմամբ հրաշալի գործարք է առաջարկել Էրդողանին՝ չներխուժել Սիրիա, փոխարենը բանակցել քրդերի հետ, այդպիսով՝ Էրդողանին չեն մեղադրի հազարավոր մարդկանց սպանելու համար, ինքն էլ պատասխանատվություն չի կրի թուրքական տնտեսությունը քայքայելու համար։ Հակառակ դեպքում Թրամփը զգուշացրել է՝ «պատմությունը Ձեզ ընդմիշտ կհիշի որպես հրեշ: Մի՛ եղեք համառ, մի՛ եղեք հիմար»,- գրել է ԱՄՆ նախագահը: BBC-ին հայտնի է դարձել Էրդողանի արձագանքը, նա նամակը գցել է աղբարկղը եւ որպես պատասխան սկսել ռազմարշավը դեպի Սիրիա։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 529 դրամ է, բրիտանական ֆունտը 615, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +25+27։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ