News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում թուրքական գործողությունը դադարեցնելու համաձայնությունը «ցնցող արդյունք» է անվանել, հայտնում է The Hill-ը։

«Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա իմ ընկերն է, եւ ես ուրախ եմ, որ մենք խնդիրներ չունեցանք, քանի որ, անկեղծ ասած, նա շատ լավ առաջնորդ է, եւ նա ուժեղ մարդ է»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով․ «Նա ուժեղ մարդ է, եւ նա ճիշտ վարվեց, եւ ես իրոք գնահատում եմ դա, եւ ապագայում դրա համար երախտապարտ կլինեմ նրան»։

Նրա խոսքերով, ինքը սպասում է, որ Էրդողանը նոյեմբերին կայցելի Սպիտակ տուն։ «Այն, ինչ նա արեց, շատ խելացի էր եւ հիանալի էր Թուրքիայի ժողովրդի համար»,- ասել է Թրամփը՝ հավելելով․ «Նրանց բախտը բերել է, որ հենց նա է որոշում ընդունում»։

Այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսն Անկարայում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համաձայնության է եկել Սիրիայի հյուսիսում արյունահեղությունը դադարեցնելու մասին, Թրամփը Twitter-ի իր էջում այս օրն անվանել էր «քաղաքակրթության համար մեծագույն օր»։

Փենսը հայտնել էր, որ Թուրքիան Սիրիայում իր ռազմական գործողությունը 120 ժամով կդադարեցնի՝ Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դուրսբերումն ապահովելու համար։

Նրա խոսքերով, Վաշինգտոնը կհանի Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցներն այն ժամանակ, երբ կապահովվի «կրակի մշտական դադարեցումը» Սիրիայի հյուսիսում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային զիջումներ չի արել Սիրիայի եւ քրդերի հարցով բանակցությունների ժամանակ, խոսքը միայն պատժամիջոցները հանելու եւ նոր պատժամիջոցների սահմանումից հրաժարվելու մասին է։

Սակայն, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե սա կրակի դադարեցում չի նշանակում։

«Մենք դադարեցրել ենք գործողությունը 120 ժանով, որպեսզի ահաբեկիչները հեռանան»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք գործողությունը կավարտենք միայն այն ժամանակ, երբ մեր պայմանները կատարվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ