News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից հայտարարություն կատարելու, իսկ ժողովրդի կարծիքը կարելի է իմանալ բացառապես հանրաքվեի արդյունքներով: Այս մասին հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր եւ խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, որը մասնակցում է ԱԱԾ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ ակցիան անցկացվում է իրավաբան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ գործողությունների:

Չալաբյանը շեշտեց, որ հաշվի առնելով ընտրություններին մասնակցածների թիվը եւ իշխանական կուսակցության ստացած ձայների տոկոսները՝ իշխանությունները լավագույն դեպքում կարող են խոսել ընտրողների 35 տոկոսի անունից, բայց ոչ ժողովրդի անունից:

«Եվ ընդհանրապես, դա ի՞նչ փաստարկ է՝ ժողովուրդը ցանկանում է: Ժողովուրդը կարող է որոշել ձեզ ուտել կամ ինձ կախել: Իսկ օրենքը կիրառում է դատարանը, այլ ոչ թե ժողովուրդը»,- հիշեցրեց Չալաբյանը:

Ինչ վերաբերում է դատավորների գործունեությանը, ապա, Չալաբյանի խոսքով, դրա գնահատման չափանիշ կարող են լինել բողոքարկումների տոկոսը, բարձր ատյանների կամ ՄԻԵԴ որոշումները, դատավորների վարկանիշը փաստաբանների շրջանում, ինչպես նաեւ դատավորների ունեցվածքի մասին հայտարարագրերը: «Կան օրենքի պահանջներ, եւ կարելի է դրանք ավելի խստացնել: Կան մեխանիզմներ, եւ անհրաժեշտ է դրանք կիրառել, բայց դրանք պետք է օբյեկտիվ լինեն, այլ ոչ թե կիրառվեն մի դատավորի դեմ, որը նրանց դուր չի գալիս, եւ չկիրառվեն մեկ ուրիշ դատավորի դեմ, որը կատարում է նրանց պատվերները»,- հայտարարեց Չալաբյանը՝ իշխանություններին կոչ անելով վերադառնալ իրավական դաշտ: «Այս իշխանությունները եւս հավերժական չեն: Կգա օրը, երբ նոր իշխանություն կլինի եւ կսկսի ուսումնասիրել, թե ինչ հանցագործություններ են կատարել այս իշխանությունները»,- շեշտեց Չալաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել