News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱԱԾ–ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերից հետաքրքրվել են նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի ձեռքբերման մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թովմասյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝  քրեական վարույթը դեռևս գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում։

«Հարցերը հիմնականում վերաբերվում էին նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին, որոնք, ըստ էության շատ չեն։ Ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը ավտոտնակ է, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016–ին նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014թ. արտադրության «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան է, որընույնպես 2016–ին նվեր է ստացել իր մորաքրոջ աղջկանից»,–ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել  սեփականության իրավունքով  իրեն պատկանող գույքը նվիրել քույրերին։

Թովմասյանի դուստրերից մեկի անունով է եղել  նաև «Nissan Patrol» ավտոմեքենան, որը փաստաբանի խոսքով՝  Ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին նվիրաբերվել է Արցախի պաշտպանության բանակին։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի 75–ամյա հորը ԱԱԾ հրավիրելուն և նրանից բացատրություն վերցնելուն, փաստաբանը նշեց, որ ավագ Թովմասյանից հետաքրքրվել են թե ինչ միջոցներով է նորոգել տանիքը, ու՞մ օգնությամբ։ Թովմասյանի հայրն էլ պարզաբանել է, որ վերանորոգել են հարևանները, ընկերները։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18–ին ԱԱԾ–ում բացատրություն են տվել Հրայր Թովմասյանի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը և նրա երկու թոռնուհիները։

ԱԱԾ–ից պարզաբանել են, որ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ