News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լրատվության ծառայությունից։ Կենտրոնը Հայաստանում իրականացնելու է հանքարդյունաբերության ոլորտի՝ շրջակա միջավայրի եւ առողջապահական հարցերի վերաբերյալ ընդհանուր ուսումնասիրություն:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության պատվերով եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները պետք է օժանդակեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակմանը:

Լիլիա Շուշանյանը ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ կարեւորել է ուսումնասիրվող հարցերի նշանակությունը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման քաղաքականության մշակման գործում: Փոխնախարարը նշել է. «Մեզ համար հստակ է, որ 21-րդ դարում հանքարդյունաբերության ոլորտը ոչ միայն պետք է անմիջականորեն կապված լինի կայուն զարգացման հետ, այլեւ ունենա իր ներդրումը այդ գործում: Այս նպատակը չի կարող իրագործվել առանց բնապահպանական ու առողջապահական կարգավորումների թույլ կողմերը բացահայտելու, միջազգային փորձագետներից լավագույն փորձի վրա հիմնված առաջարկություններ ստանալու եւ դրանք կյանքի կոչելու»:

Աշխատանքային քննարկման ընթացքում DMT հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ջեֆրի Սմիլը նախատեսվող աշխատանքների կառուցվածքը ներկայացնելիս նշել է առաջնային ուշադրության երեք քայլերը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավական կարգավորումների, ինստիտուցիոնալ կարողությունների եւ մի քանի հանքավայրերի ուսումնասիրությանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա աշխատանքների կազմակերպման եւ հաջորդ տարվա սկզբին առաջնային արդյունքներ ներկայացնելու մասին:

Տպել
Ամենաշատ