News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, բայց նրա հրաժարականի մանրամասները փորձել են չքննարկել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն իր եւ Արթուր Վանեցյանի հետ հանդիպումից չցանկացավ ավելին պատմել. «Այսքանով կբավարարվեմ, իմ շփումների մասին պատմելուց։ Կարծում եմ, որ այդ թեման այսօր արդիական չէ»։

Անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե Արթուր Վանեցյանի դեմ քաղաքացիներից փորձ է արվել բռնությամբ ցուցմունք կորզել, Ալեն Սիմոնյանն վստահեցրեց, որ Հայաստանում որեւէ մեկին իրավապահները չեն կարող ստիպել, որ ցուցմունք տա․ «Իմ հետ կապված ՀՔԾ-ում դիմում է եղել, ես գնացել եմ, բացատրություն եմ տվել, սա նշանակում է, որ իմ նկատմամբ հետապնդումներ կայի՞ն, ամենեւին ոչ։ Բա դա ինչպե՞ս է լինում, որ իմ մասով չեք ասում, Արթուր Վանեցյանի մասով ասում եք։ Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասին խոսվել է մինչեւ Վանեցյանին պաշտոնանկ անելը։ Նույն մարդիկ, ովքեր դիմել են իմ հետ կապված Քննչական, նույն մարդիկ խոսել են իր բիզնեսի մասին։ Վանեցյանը եթե այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, եթե փաստաթղթեր եւ դիմում լինեին Վանեցյանի հետ կապված, մարդկանց կրկին կանչելու էին եւ ցուցմունք էին վերցնելու»։

Հարցին՝ արդյոք Վանեցյանի նկատմամբ իշխանությունը փորձում է հետապնդում իրականացնել, Սիմոնյանը պատասխանեց. «Հարցն այդտեղ Արթուր Վանեցյանը չէ, այդտեղ հարցն այն է՝ արդյո՞ք մենք այդպիսի բան կանենք, թե ոչ։ Մենք նման բան չենք անի, չի կարող նման բան լինել, որ ես կամ վարչության որեւէ անդամ կամ վարչապետն ասի։ Միակ բանը, որ մենք կարող ենք մեր քաղաքական հակառակորդների նկատմամբ օգտագործել, դա մեր ամենաուժեղ բանն է, որ մենք օգտագործում ենք, դա մեր քաղաքական խոսքն է։ Եվ մեր քաղաքական խոսքն այնքան ծանր է, որ ես պատրաստ եմ յուրաքանչյուր քաղաքական գործչի հետ բանավեճի դուրս գալ, եւ ասեմ ավելին, իրականում, այդ մասում մենք մեր կոմֆորտի տարածքում ենք գտնվում։ Մեզ համար ավել հեշտ է քաղաքական գործչին բերել այս տեղախցիկի առաջ ու իր հետ կռվել։ Բայց գնալ ու ասել՝ սա արեք, նա արեք, դա մեր ոճը չէ։ Եթե երբեւիցե Հայաստանում այդպիսի բան լինի, ես դրան ականատես լինեմ, ես դուրս կգամ տենց բան անողի դեմ եւ կպայքարեմ այդպիսի իշխանության դեմ»։

Անդրադառնալով ՀՖՖ-ի վերջին իրադարձություններին՝ այն, որ մի քանի ֆուտբոլիստներ պահանջում էին Արթուր Վանեցյանի հրաժարականը, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հայկական ֆուտբուլն այսօր մի քայլ առաջ է արել. «Մեզ մի խաղ էր պակասում, որ հայտնվեինք 2020 թվականի մրցաշարին։ Վստահ եմ, որ սա ճանապարհ է, որը մեր ֆուտբոլը պետք է անցնի։ Չեմ ուզում դա կապել անձերի հետ, որովհետեւ ես ինքս հանդիսանում եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդի անդամ»։

Իսկ նախկին ոստիկանապետ, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանը, ըստ ԱԺ փոխնախագահի, որեւիցե կոռուպցիոն սխեմայում ներգրավված չի եղել. «Դու տեսել եք, որ Օսիպյանը մեզ հետ փողոցում՝ հակառակ կողմում կանգնած ոստիկանն է եղել։ Պարոն Օսիպյանն արդեն լքել է իր պաշտոնը, եւ ազնիվ չէ հիմա պարոն Օսիպյանի մասին խոսելը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Տպել
Ամենաշատ