News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նույն տրամաբանությամբ բոլոր նախարարները, որոնք պատգամավորից են դարձել նախարար, պետք է քրեական գործեր հարուցվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործի այն դրվագին, որ նա պատգամավորական լիազորությունը չավարտած ստանձնել է ՍԴ նախագահի պաշտոնը։

«Ակնհայտորեն այստեղ խախտում չկա, եթե ուսումնասիրենք մեր ամբողջ պաշտոնատար անձանց մասով, ապա այո՝ պաշտոնը պետք է ստանձնի, որպեսզի դադարեցնի պատգամավորական լիազորությունները։ Անհամատեղելիության կանոնը վերաբերում է ընտրվելուց հետո որոշակի իքս ժամանակահատվածի համար, դա ամրագրված է նաեւ Հանրային ծառայության մասին օրենքում։ Այս կոնտեքստում ներկայացնել այսպիսի ձեւական, կեղծ ու ոչ էական հիմք, առնվազն պետք է իրավական առումով կույր լինել, որ չտեսնել՝ հետեւում թաքնված է մեկ բան, քաղաքական նպատակահարմարություն»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը, սպասարկող եւ աջակցող մի շարք անձինք փորձում են ՍԴ-ում վիճակ փոխել եւ ունենալ սեփական ցանկություններն արտահայտող ՍԴ. «Դա վերաբերում է ողջ դատական համակարգին, սակայն հիմա կենտրոնացումը ՍԴ-ի վրա է, եւ ամեն ջանք գործադրում են քաղաքական այդ նպատակին հասնելու համար։ Քաղաքական այս նպատակին հասնել փորձում են ամենատարբեր ձեւերով, իրավական ձեւակերպումներով, բարոյահոգեբանական ճնշումներով։ Փորձ է արվում լուծել նեղ խմբային շահեր։ Գործընթացը, որը սկսվել է հետեւողականորեն, փորձում է բազմակողմանիորեն եւ բազմաթիվ ուղղություններով հասնել այդ նպատակին»։

Մինասյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը չունի որեւէ իրավական հիմք, այսինքն՝ քաղաքական գործընթաց է, որը վերածվել է քրեական գործողության. «Այն վիճարկելի պահերը, որ ներկայացված են Արման Բաբաջանյանի թե հայտարարության եւ թե դրա հիմքի վրա հարուցված քրեական գործում, ակնհայտ է, որ քաղաքական գործընթացի արդյունք են։ Արման Բաբաջանյանից սկսած բոլոր պատգամավորները, որոնք ունեցել են կամ ունեն որոշակի եկամտի աղբյուր կամ պաշտոն, ապա նրանց բոլորի նկատմամբ պետք է նմանատիպ քրեական գործեր հարուցվի։ Սա իրավական պետության նկատմամբ անարգանք ու խայտառակող գործընթաց է։ Արման Բաբաջանյանը՝ որպես պատգամավոր, քաղաքական հայտարարություններ կարող է անել, բայց երբ սա վերածվում է կոնկրետ քրեական գործի հարուցման, ապա սա արդեն խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իրենց քաղաքական նպատակներին հասնի։ Չնայած այսքան հորդորներին՝ իշխանությունը ոչ միայն չի հանգստանում, այլ ամեն գնով փորձում է իր այդ նպատակին հասնել, ներառյալ՝ ամենատարբեր քրեական գործեր հարուցելու միջոցով, մարդկանց անձնական կյանքի, ընտանեկան միջավայրի վերաբերյալ ամենավատ երեւույթները փորձելով գտնել, ինչը չի խոսում իշխանության ճիշտ պահվածքի եւ պետականության դիրքերն ուժեղացնելու կողմնորոշման մասին։

Այստեղ ակնհայտ սուր քաղաքական հետապնդում է, որովհետեւ ոչ միայն ժամանակագրական առումով, որ համընկնում են այս գործընթացներն իրար հետ, այլեւ պարզ տրամաբանություն կա, երբ գործ է հարուցվում կամ գործ է քննվում Հրայր Թովմասյանի նկատմամբ եւ զուգահեռաբար սկսվում է բազմաթիվ կողմերից, ինչը հնարավոր է ջրի երես հանել կամ փորձել ներկայացնել հանցավոր մի ներկայացուցչի, ակնհայտ է, որ բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Հրայր Թովմասյանի ազատվելուն՝ ունի հստակ քաղաքական ուղղվածություն։ Մարդիկ տեսնում են, որ այս ուժի նպատակը քաղաքական, անձնական վրեժխնդրությունն է»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ի դիմումը, որը ՍԴ-ն մերժել է, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հաջորդ քայլն էր. «Եվ ոչ միայն սա, այլ բազմաթիվ ուղղություններով, ներառյալ, այս օրերին հարուցված քրեական գործի շրջանակում՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հերթով կանչելը։ Դիմումը, որի բովանդակությունը ուսումնասիրում էինք՝ մերժման ենթակա դիմում էր։ Ո՞ր փուլում դա կլիներ, դիմումը ընդունելո՞ւ, թե՞ ընդունումից հետո՝ քննության փուլում, ելքն ակնհայտ էր, որ պետք է մերժվի ԱԺ-ի այս միջնորդությունը։ Այն վերլուծությունը, որը մենք փորձում ենք տեսնել այս դիմումի մեջ, պարզապես աղավաղում է Սահմանադրական նորմերը»։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ այդ քրեական գործով իշխանությունները փորձում են կանխել ՍԴ-ի հնարավոր արգելքները տարբեր հարցերի վերաբերյալ եւ ձեւավորել կանխատեսելի, հնազանդ դատարան. «Ցանկացած կարեւորագույն հարց, որը վերաբերում է օրինակ՝ օրենքով որոշակի սահմանափակումների կիրառման եւ ներդրման, կարող է վիճարկվել ՍԴ-ում, եւ եթե ՍԴ-ն քաղաքական իշխանության հլու հնազանդ կատարող չէ, ապա ցանկացած ժամանակ կարող է այդ վիճարկվող նորմերով ճանաչել օրենքի կոնկրետ դրույթները Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Միջազգային պայմանագրեր՝ սկսած Ստամբուլյան կոնվենցիայից ավարտված բազմաթիվ այլ հարցեր, օրինակ՝ Խաղաղության պայմանագիրը գալ վավերացման եւ այլն։ Այդ բոլորն անցնում են ՍԴ-ի ճանապարհը։ Իրենց պետք է իրենց հլու հնազանդ կատարողը ՍԴ»։

Տպել
Ամենաշատ