News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կազանում կբացվի World Urban Parks-ի մասնաճյուղը, որը կղեկավարի Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալյա Ֆիշման-Բեկմամբետովան։ Այդ մասին Կազանում World Urban Parks 2019 համաշխարհային կոնգրեսի ժամանակ պատմել է հանրապետության ղեկավար Ռուստամ Մինիխանովը, Կազանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

«Առաջարկվել է այստեղ մեզ մոտ՝ Կազանում, ստեղծել մասնաճյուղը։ Նատալյա Ֆիշմանին կվստահենք այդ աշխատանքն ու կշնորհավորենք, որ նա աշխատի ոչ միայն ի շահ մեր հանրապետության, այլ նաեւ ողջ դաշնության։ Մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ասում է եվրասիական տարածության մասին։ Եւ այդկերպ մեր աշխատանքի այդ ձեւը նույնպես կնպաստի այն երկրներին, որոնք ներկայումս դրա կազմում են։ Կարծում եմ՝ Թաթարստանից մեր գործընկերներն առարկություններ չունեն»,-ասել է Մինիխանովը։

Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալյա Ֆիշման-Բեկմամբետովան պատմել է, թե որ երկրները կներառվեն World Urban Parks-ի եվրասիական մասնաճյուղում․ «Պարկերի համաշխարհային կոնգրեսի ստորաբաժանումը մշտապես գործող պրոֆեսիոնալ կազմակերպություն է, որում կներառվեն մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից եւ այլ երկրներից։ Մեզ համար դա շատ կարեւոր իրադարձություն է եւ շատ հաճելի է, որ այն անցկացվում է մեզ մոտ՝ Թաթարստանում»։

World Urban Parks-ի եվրասիական մասնաճյուղը կազմակերպվել է Թաթարստանի կառավարության նախաձեռնությամբ եւ դառնալու է կազմակերպության եվրոպական մասնաճյուղի մասը, որի համանախագահները կլինեն Մոսկվայում գործընկեր Citymakers բյուրոն՝ ի դեմս Պյոտր Կուդրյավցեւի, եւ Նուր Սուլթանում (Ղազախստան) ուրբանիստիկայի կենտրոնի ղեկավար Ասխաթ Սադունովը։

World Urban Parks-ի եվրասիական մասնաճյուղը զբաղվելու է քաղաքային այգիների եւ հանրային տարածքների զարգացման լավագույն պրակտիկաների մշակմամբ, ինչպես նաեւ կրթական ծրագրերի ու մեթոդական նյութերի ստեղծմամբ։ Իր գործունեության մեջ այն հաշվի կառնի ինչպես համաշխարհային բոլոր առաջատար պրակտիկաները, այնպես էլ ԱՊՀ-ի զբոսայգիներին բնորոշ առանձնահատկությունները։ Եվրասիական մասնաճյուղի անդամները կլինեն մունիցիպալ միավորումների, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները, լանդշաֆտների ոլորտում ճարտարապետերն ու համալսարանների աշխատակիցները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Թաթարստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել World Urban Parks (WUP) համաշխարհային կոնգրեսի բացումը, որը համախմբել է շուրջ 1500 պատվիրակների եւ ավելի քան 130 խոսնակների՝ ավելի քան 40 միջազգային եւ 70 ռուս փորձագետների։

Նշենք, որ World Urban Parks-ը քաղաքային զբոսայգիների եւ հանրային տարածքների զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2015 թվականին Զբոսայգիների եւ հանրային տարածքների միջազգային ֆեդերացիայի (Ifpra) ու Քաղաքային զբոսայգիների եւ կանաչ տարածքների միության  (Parks for Life) միաձուլման արդյունքում։ World Urban Parks-ի կազմում են ամբողջ աշխարհում զբոսայգիների եւ հանրային տարածքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ քաղաքային ադմինիստրացիաների, քաղաքային տարածքների զարգացման գծով խորհրդատվական գործակալությունների, լանդշաֆտային կազմակերպությունների եւ համալսարանների ներկայացուցիչները Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից մինչեւ ԱՄՆ եւ Ռուսաստան (Մոսկվա եւ Կազան)։

WUP-ի առաքելությունը կազմակերպության մասնակիցների փորձի հավաքագրումն ու համախմբումն է նախաձեռնությունները մշակելու եւ զարգացնելու համար, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում արագացված ուրբանիզացիայով քաղաքներում կյանքի պայմանների բարելավմանը։ Կազմակերպությունը զբաղվում է քաղաքային զբոսայգիների բարելավմամբ ու զարգացմամբ, շրջակա միջավայրի պահպանման ապահովմամբ, տարբեր երկրների զբոսայգիների ոլորտի մասնագետների վերապատրաստմամբ եւ կրեդիտավորմամբ, կոնգրեսների եւ վեբինարների անցկացմամբ՝ համագործակցելով ազգային, տարածաշրջանային ու տեղական կառույցների հետ։

WUP միջազգային կոնգրեսի առաքելությունն է լավագույն միջազգային մոտեցումների եւ պրակտիկաների վերլուծությունը զբոսայգիներ ու հանրային տարածքներ հիմնելու ուղղությամբ, ինչպես նաեւ պրակտիկ ուղեցույցերի ստեղծումը ժամանակակից զբոսայգիներ կառուցելու վերաբերյալ։

Առաջին անգամ World Urban Parks միջազգային կոնգրեսն անցկացվել է 2015 թվականին Պոնտի դի Լիմայում, Պորտուգալիա։ Տարեց-տարի միջոցառմանը մասնակցում են ավելի մեծ թվով մասնակիցներ։ 2018 թվականին կոնգրեսն անցկացվել է Մելբուրնում, Ավստրալիա, որտեղ հավաքվել էր ավելի քան 700 պատվիրակ, որոնք ներկայացնում էին ավելի քան 50 երկների զբոսայգիներն ու հանրային տարածքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ