News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հասրակական տարածքների զարգացումը կարեւոր է, այդ թվում, քաղաքային էկոլոգիայի վրա բարենպաստ ազդեցության տեսանկյունից: Այս մասին Կազանում World Urban Parks 2019 համաշխարհային կոնգրեսի լիագումար նիստի բացմանը հայտարարեց Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը, Կազանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Փարիզյան համաձայնագրի վավերացումից հետո այդ կոնգրեսը երկրում առաջին իրադարձությունն է, որը թույլ է տալիս ամբողջ աշխարհից փորձագետների հետ քննարկել քաղաքային էկոլոգիայի հարցերը:

Քաղաքների արագ աճը կարեւորում է էկոլոգիական կարկասների ստեղծման եւ որպես «բնական» ենթակառուցվածք բնության տարածքների օգտագործման մասին հարցերը: Լիագումար նիստի ընթացքում փորձագետները պատմեցին, թե ինչպես է բնական միջավայրը քաղաքային զարգացման հիմք դառնում, թե ինչ միջազգային նախաձեռնությունների պետք է մասնակցել եւ ինչ միջոցառումներ են առաջնահերթ համարվում քաղաքների էկոկայունության պահպանման նպատակով քաղաքային ծրագրման համար:
World Urban Parks Europe Committee-ի նախագահ Քեւին Հելպենին նշեց քաղաքային հարմարավետ տարածքի անհրաժեշտությունը՝ որպես մարդկային կապիտալի ներգրավման առանցքային գործոն: «Այսօր ռազմավարական առումով կարեւոր է քաղաքներում կանաչ տարածքներ ծրագրելու հնարավորություն ունենալը՝ նոր հնարավորություններ տրամադրելով բնակչությանը: Թաթարստանը, եւ հատկապես Կազանը, այդ գործընթացքում առաջատար են, զգալի միջոցներ են ներդրվում՝ բնակիչների համար լավ ապագա ապահովելու նպատակով: Մենք ցանկանում ենք աջակցել նրանց եւ օրինակ ծառայել այլ երկրների եւ քաղաքների համար»:

Հասարակական տարածքների զարգացման հարցով ծրագրերի իրականացման գործում Թաթարստանի փորձն ընկած է հարմարավետ քաղաքային տարածքների ստեղծման հարցով դաշնային ծրագրի հիմքում եւ հաշվի է առնվել «Բնակավայր եւ քաղաքային միջավայր» ազգային ծրագրի ձեւավորման ժամանակ, ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչեւ 2024-ը:

«Ազգային ծրագիրը ներառում է Թաթարստանի փորձն ու լավագույն պրակտիկան: Ռուսաստանում ազգային ծրագրի իրականացման սկզբից ստեղծվել է 7700 հասարակական տարածք ավելի քան 3000 համայնքներում: 2024-ին երկրում կստեղծվի կամ կվերակառուցվի 31000 հասարակական տարածք: Եվ եթե մի քանի տարի առաջ կենտրոնացել էինք միջազգային փորձի վրա, ապա այսօր սովորում ենք միմյանցից, եւ հենց դրանում է ֆեդերալիզմի առավելությունը»,- նիստի ընթացքում հայտարարեց ՌԴ շինարարության եւ բնակարանային կոմունալ տնտեսության նախարարի տեղակալ Դմիտրի Վլոկովը:

Թաթարստանի փորձի նկատմամբ իր հետաքրքրվածության մասին հայտնեց նաեւ Ղազախստանի վարչապետի տեղակալ Ռոման Սկլյարը: «1997-ին Ղազախստանի նոր մայրաքաղաքի՝ Աստանայի (նախկին Ցելինոգրադ) բնակչությունը կազմում էր 250 հազար մարդ: Այժմ քաղաքում բնակվում է 1,25 մլն մարդ: Ղազախստանի նոր մայրաքաղաքի ձեւավորման ժամանակ օգտագործել ենք լավագույն միջազգային փորձը: Այժմ մենք ցանկանում ենք ուսումնասիրել Կազանի փորձը, որպեսզի հետ չմնանք համաշխարհային միտումներից»,- ասաց նա:

Նշենք, որ Կազանում World Urban Parks 2019 կոնգրեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Միջոցառման գլխավոր թեման է «Այգիներ եւ քաղաքներ, զարգացում՝ ի շահ էկոլոգիական կայունության եւ բնակիչների առողջության»: Կոնգրեսի գործարար ծրագիրը ներառում է հարցերի լայն շրջանակ, որոնց թվում՝ «կանաչ» քաղաքներ եւ տեխնոլոգիաներ, ժամանակակից այգիների հայեցակարգեր եւ մոդելներ, գործակցային նախագծում, փոքր քաղաքների եւ պատմական տարածքների զարգացում, հասանելի միջավայր, լոկալ նույնականության ստեղծում, այգիների ֆինանսավորման մոդելներ, հասարակական տարածքների զարգացման գործում բնակիչների ներգրավում, վերազարգացում եւ այլն:

Կոնգրեսի անցկացման համար Կազանը պատահական չէ ընտրվել: 2015-ից Թաթարստանում իրականացվում է հասարակական տարածքների զարգացման ծրագիրը, որի շնորհիվ կառուցվել է 328 այգի, առափնյա, հետիոտնային փողոցներ, զբոսապուրակներ եւ հրապարակներ: Կոնգրեսի շրջանակում ներկայացվել է նաեւ Կազանի գետի զարգացման ռազմավարությունը:

World Urban Parks-2019 կոնգրեսի շրջանակում մեկնարկել է Կազանի գետի զարգացման ռազմավարության մշակումը

WUP-2019-ի շրջանակում Թաթարստանի մայրաքաղաքում մեկնարկել է Կազանի գետի զարգացման ռազմավարության մշակումը: Ծրագիրը կներառի 3000 հա տարածք՝ ջրային զանգված եւ ափամերձ գոտիներ պատմական հունից եւ Զիլանտով վանքից մինչեւ Կապույտ լճեր: Այն կդառնա քաղաքային գետային էկոհամակարգի համալիր մշակման հարցով մասշտաբային ծրագրերից մեկը:

Ծրագիրը մեկնարկել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի նախաձեռնությամբ եւ իրականացվում է Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինի, շինարարության եւ ճարտարապետության նախարարության, Թաթարստանի բնակարանային կոմունալ տնտեսության նախարարության եւ Orchestra ստուդիայի մասնակցությամբ՝ Թաթարստանի նախագահի օգնական Նատալիա Ֆիշման-Բեկմամբետովայի հոգաբարձության ներքո:

«Ռազմավարության շրջանակում մենք ծրագրում ենք 12 նոր ափամերձ այգիների ստեղծում, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր բնական հատկությունները, որոնք մենք կցանկանայինք ընդգծել: Դա նշանակում է, որ 2100 հա բնական տարածք կստեղծվի գետի երկայնքով, որը բաց կլինի բնակիչների համար: Շատ կարեւոր է հասանելիության նոր կետերի ստեղծումը, մենք դիտարկում ենք առնվազն 25 նման կետերի հնարավորություն, որոնք կապված կլինեն հասարակական տրանսպորտի կանգառների հետ»,- WUP-2019-ի ընթացքում ասաց Orchestra ընկերության համահիմնադիր Եկատերինա Գոլդբերգը, որը զբաղվում է ռազմավարության մշակմամբ:   

Կազանի գետի զարգացման ռազմավարությունն ուղղված է զարգացման կայունությանն ու բնակիչների համար հասանելիությանը եւ ներառում է հատուկ պահպանվող բնական եւ պատմական գոտիները, 12 նոր այգիների ստեղծումը, 54 կմ նոր եւ թարմացվող հետիոտնային եւ հեծանվային երթուղիների ստեղծումը, ինչպես նաեւ ափամերձ տարածքներ էկոայգիներով եւ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար ծառայություններով:

Ռազմավարության թողարկման համար նախադրյալ է հանդիսացել նաեւ հանրապետության ղեկավարության՝ քաղաքի բարեկեցության գործում բնակիչներին ակտիվորեն ներգրավելու ցանկությունը:

Լինելով Ռուսաստանում հասարակական տարածքների կազմակերպման առաջատար՝ Կազանը մշտապես ձգտել է օգտագործել իր ամենաարդյունավետ եւ էկոլոգիական որոշումները: Կազանի ափամերձ գոտու տարածքը գրեթե հավասար է Նյու Յորքի կենտրոնական այգիների տարածքին, այդ պատճառով ռազմավարության մշակման համար համակարգային մոտեցում է պահանջվել:

Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինը նշեց, որ կառուցվել է 68 կմ ափային գիծ: «Անկասկած, սա նոր մակարդակ է ոչ միայն բարեկարգման, այլ մեր քաղաքի կարկասի համար, սա առողջացում է, որը նոր մակարդակի վրա է դնում ողջ էկոհամակարգը»,- ասաց նա:   

Ծրագրի առանցքային առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է բնակելի տարածքում: Թողարկվել է http://www.kazanka.tatar օնլայն հարթակը, որի օգնությամբ ցանկացողները կարող են իրենց գաղափարները առաջարկել եւ քվեարկել այլ մասնակիցների նախաձեռնությունների համար: Ինչպես նաեւ, կկազմակերպվի կրթական ծրագիր, որի շրջանակում փորձագետների, վարչակազմի եւ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ եւ սեմինարներ կանցկացվեն:

Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքում 70 հարցազրույց է անցկացվել փորձագետների, այդ թվում՝ Թաթարստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի, Կազանի Դաշնային համալսարանի, Կազանի Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի, Ռուսական աշխարհագրական կազմակերպության առաջատար աշխատակիցների, հնագետների, աշխարհագրագետների, կենսաքիմիկոսների, պատմաբանների եւ շրջակա միջավայրի մասնագետների հետ:

Գետի տարածքի մեծ հատվածն ու ափամերձ գոտին պահպանվում են, պահանվում է գետի կենսաբազմազանությունը, ներառյալ՝ ճահճային հողերը, ջրային մարգագետիններն ու նույնիսկ հազվագյուտ թռչունները:

Ռազմավարության մեջ սահմանվել են նաեւ ընդհանուր ստանդարտներ պոտենցիալ դեվելոփերների համար: Ինչպես նաեւ, առանձնացվել են այն տարածքները, որտեղ վերազարգացումն անհնար է էկոկայունության խախտման պատճառով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ