News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը (ֆոտոռեպորտաժ):

Այս տարի հաղթողը Միրզա Դինային է, «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրը եւ տնօրենը:

Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:

Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:

Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին:

Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերին, օգնում նրանց վերականգնվել: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

Նշենք, որ մյուս երկու հավակնորդներն էին փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան եւ փաստաբան ու ակտիվիստ Հուդա ալ-Սարարիմը։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

Նշենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվում է 4-րդ անգամ: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել