News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բանակը շրջապատված է սիրիական զորքերով Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ջանսեթ Կազանին:

Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատները լքել են Ռաս էլ Այնը. քաղաքը գրավել է թուրքական բանակը: Ավելի ուշ SDF-ի ուժերի դուրս բերման մասին լուրը հաստատել էին հենց իրենց ջոկանտները, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Կա հավանականություն, որ թուրքական բանակը գտնվում է Ռաս էլ Այնի ներսում, սակայն դա երկար չի տեւի, այն հետ կնահանջի…թուրքական բանակն այժմ շրջապատված է սիրիական զորքերով: Այդ իսկ պատճառով մենք չենք վախենում»,-հայտարարել է պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե վերջնական շրջափակո՞ւմ է արդյոք Թուրքիան Ռաս էլ Այն եւ Թել Աբյադ քաղաքները:

Կազանը համոզված է, որ Սիրիայի բոլոր տարածքներն արդյունքում կլինեն երկրի իշխանությունների հսկողության ներքո:

«Այնտեղ ոչ մի թուրք չի լինի: Անգամ եթե լինեն քրդեր, ապա նրանք կլինեն Սիրիայի պետության շրջանակում եւ սիրիական բանակի պաշտպանության ներքո: Մենք ոչ մի դեպքում չենք հանդուրժի որեւէ շրջափակում՝ ո′չ թուրքական, ո′չ որեւէ այլ զորքերի կողմից ինը տարի տեւած պատերազմից հետո»,-հայտարարել է Կազանը:

Նրա խոսքով՝ Դամասկոսը հաղթանակած է ռազմական առումով, իսկ այժմ առաջին տեղում է դիվանագետների աշխատանքը:

«Սիրիայի տարածքի 90 տոկոսում ծածանվում է սիրիական դրոշը»,-նշել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ Դամասկոսը գնահատում է դաշնակիցների, հատկապես, ռուսների օգնությունը, ահաբեկչության դեմ պայքարում:

«Ձեզ հանգստացնեմ. Սիրիայի հյուսիսն ազատագրված է եւ կդիտվի որոշակի պայմանավորվածությունների շրջանակում, որոնք բխում են Սիրիայի կառավարության շահերից»,-հայտարարել է Կազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ