News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն պաշտոնապես հայտարարել է իր գահակալման մասին ըստ երկրի սահմանադրության եւ կայսերական տան մասին օրենքի: Նրա ուղերձը հնչել է գահակալման արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես գահ բարձրացա սահմանադրության եւ կայսերական տան մասին օրենքի համաձայն: Անցկացնելով գահակալման արարողությունը՝ մենք այս մասին հայտարարում ենք երկրին եւ ամբողջ աշխարհին»,- ասել է միապետը:

Արարողությունն ընթանում է կայսերական պալատի ամենապատվավոր «Սոճու դահլիճում»: Այնտեղ տեղադրված է զանգվածեղ գահ՝ 6,5 մետր բարձրությամբ եւ 8 տոննա քաշով, որը պատրաստվել է ըստ անցյալ դարավերջի հին նմուշների: 59-ամյա կայսրն իր ելույթն ընթերցել է այս փայտամածից: Նա հանդերձավորվել է Հեյան շրջանի (794-1185 թվականներ) նորաձեւության հագուստով, ինչը թույլատրված է միայն միապետին: Կողքին է չափերով ավելի փոքր թագը 55-ամյա կայսրուհի Մասակոյի համար, որը նույնպես հագել է բազմաշերտ կիմոնո, որը կարված է վաղ Միջնադարի ձեւվածքով:

Արարողությանը մասնակցելու համար Ճապոնիա են ժամանել 174 երկրի եւ տարածքների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետներ եւ պետությունների ղեկավարներ: Կայսերը շնորհավորելու համար հրավիրված են նաեւ ճապոնական հասարակության բոլոր խավերի 1,6 հազար ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի ղեկավարները, կառավարության անդամներ եւ նախկին վարչապետներ, պրեֆեկտուրաների նահանգապետներ, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, բիզնեսմեններ:

Նարուհիտոն կայսեր լիազորությունները ստացել է մայիսի 1-ից հետո, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ հայրը՝ 85-ամյա Ակիհիտոն: Նա դեռեւս 2016 թվականին գահից հրաժարվելու ցանկություն էր հայտնել՝ կապված տարիքի հետ: Ճապոնական օրենսդրությունը միապետից պահանջում է իր պարտականությունները ցմահ կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ