News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

Այս պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը.

1.     Ա. Բաբայանի ձերբակալությունը Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2.    2018 թվականի համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սահմանում է. ‹‹Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում››:

3.    Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետը քրեական հետապնդում է համարում այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

4.    Մարդու իրավունքների պաշտպանը նկատի է առնում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի այն կարգավորումը, որ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը:

Պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:

Այսինքն՝ մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող:

5.    Նշվածը նաև նշանակում է, որ ազատազրկման ձևով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ և այդպիսով՝ ոչ իրավաչափ:

Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:

6.   Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ:

Տպել
Ամենաշատ