News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:

Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը եւ ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։

Նա եւս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման եւ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարեւոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։

Հայաստանի նախագահը եւ Սերբիայի վարչապետը վերահաստատել են Բելգրադում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես անդրադարձել սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սեւան ստարտափ» փառատոն անցկացնելու մտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությանը։ Վարչապետ Բռնաբիչն ասել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալու համագործակցության ուղղություններին ու հնարավոր ծրագրերին։

Սերբիայի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կստորագրի Սերբիայի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ «Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵՏՄ-ում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր առեւտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի եւ Սերբիայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ