News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ դա քաղաքական ճնշում է եւ քաղաքական ենթատեքստ ունի։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Արսեն Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե՝ ոչ։

«Սխալից, անհամաչափ լինելուց, ամեն ինչ հնարավոր է, բայց որեւիցե քաղաքական միջամտություն Հայաստանի Հանրապետությունում չի եղել, եւ չի կարող լինել, ես ձեզ վստահեցնում եմ։ Ցավով եմ իմացել այդ լուրը, բայց վստահեցնում եմ, նման բանը բացառվում է»,– նշեց ԱԺ փոխնախագահը։

Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին։ Ձերբակալումից հետո ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  հաղորդման հիման վրա հարուցված գործով բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Նկատենք, որ անձը չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երեվանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի։

Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, իսկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018-ի մարտին: Հաշվի առնելով, որ համաներումը տարածվում է մինչև 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա, ստացվում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերևույթ համաներում է կիրառելի:

Տպել
Ամենաշատ