News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հանգամանքներ են հայտնաբերվել ու անհրաժեշտություն է առաջացել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին ներգրավել գործի քննության մեջ։ Այս մասին մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Արսեն Բաբայանի հարցն իրավական հարթության վրա է։ Կարծում եմ՝ առարկություն ունենալ չենք կարող այն պարագայում, երբ իրավապահ մարմինը գտնում է, որ գործի քննության հանգամանքների պարզաբանման համար պետք է նրան ներգրավել»,- ասաց Մակունցը։

Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին։ Ձերբակալումից հետո ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  հաղորդման հիման վրա հարուցված գործով բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։

Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, իսկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018-ի մարտին: Հաշվի առնելով, որ համաներումը տարածվում է մինչեւ 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա, ստացվում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերեւույթ համաներում է կիրառելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել