News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ստորջրյա հետազոտողները Հավայան կղզիներից հյուսիս-արեւմուտք գտնվող Միդուեյ շրջանում հայտնաբերել են ռազմական նավ, որը խորտակվել է ճապոնական եւ ամերիկյան զորքերի միջեւ ծովային մարտի ժամանակ, հայտնում է RG-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։

Գտածոն հայտնաբերել են Vulcan Inc. հետազոտական նախագծի անդամները, որոնք խորտակված նավերի որոնման համար հատուկ լուսավորված «Մրրկահավ» նավն են օգտագործում։

Խորը ստորջրյա կառավարվող սարքերի օգնությամբ նրանք հայտնաբերել են ճապոնական «Կագա» ավիակիրը, որը խորտակվել է Խաղաղ օվկիանոսում։ 1942թ․ հունիսին այնտեղ խոշոր ծովամարտ է տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել են ավելի քան 2000 ճապոնական եւ ավելի քան 300 ամերիկյան զինվորներ։

Այն ժամանակ խորտակվել էր յոթ նավ՝ հինգ ճապոնական եւ երկու ամերիկյան, դրանցից առայժմ մեկն է հայտնաբերվել։

Կարծիք կա, որ ամերիկյան ռմբարկուները միաժամանակյա հարվածներ են հասցրել «Ակագի», «Կագա» եւ «Սորյու» ավիակրերին։ Ենթադրվում է, որ առաջինը խորտակվել է հենց «Կագան»։ Դա տեղի է ունեցել հունիսի 4-ին։ Այն գտել են նշված իրադարձություններից 77 տարի անց։

«Մենք կարդացել ենք ծովային մարտերի մասին, մենք գիտենք, թե ինչ եւ որտեղ է կատարվել, ասում է ռազմական պատմաբան, արշավախմբի մասնակից  Ֆրենկ Թոմսոնը,- Սակայն միայն այն ժամանակ, երբ դուք տեսնում եք այդ բեկորները օվկիանոսի հատակին, սկսում եք հասկանալ ինչպիսին է պատերազմի իրական գինը»։

Պաշտոնաթող ռազմածովային կապիտան Ջեկ Քրոուֆորդը, որի 100 տարին վերջերս լրացավ, եղել է ճապոնացիների կողմից ոչնչացված «Յորքթաուն» ավիակրի 2270 ողջ մնացածներից մեկը։

Նրա խոսքերով, ինքը կորած նավերի որոնման առաքելություններում հատուկ արժեք չի տեսնում, եթե միայն դրանք տեղեկատվություն չեն տալիս այն մասին, թե ինչպես են ճապոնական նավերը խորտակվել։

Ընդ որում Քրոուֆորդը խոստովանել է, որ ուրախ կլիներ, եթե որեւէ մեկը ջրի հատակից հաներ չհրկիզվող պահարանը, որի մեջ ինքը 77 տարի առաջ դրել է իր նոր սուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ