News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս պահին քննչական գործողություններ են ընթանում և Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվում է մեղադրանք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողներին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը նշանակվել է բավականին ուշ՝ ժամը 18:30–ին այն պարագայում, որ պաշտպանը բողոքը ներկայացրել էր դեռևս երեկ երեկոյան։

«Կարծես թե Բաբայանին այլ մեղադրանք է առաջադրվում՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակության համար»,–հայտարարեց նա։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Ի աջակցություն Բաբայանի՝ դատարանի դիմաց են հավաքվել իրավապաշտպաններ, «Ադեկվադ» կուսակցության, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները, ինչպես նաև Բաբայանի ընկերները:

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը,  միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ