News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացմանն օժանդակելու համար, որը Բաբայանը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանի պաշտպան պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Նա տեղեկացրեց, որ Արսեն Բաբայանի հետ կարդացել են մեղադրանքի տեքստը և փորձել հասկանալ, թե ի՞նչ մեղադրանք  է։

«Մեղադրանքն իրականության հետ աղերս չունի, ով ինչ ցուցմունք ուզում է տա»,–ասաց նա՝ նշելով, որ Արսեն Բաբայանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։

Վարոսյանը նշեց, որ Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը.

«Մեղադրանքը առնչվում է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ և այն պրոցեսի, որը կատարվում է ՍԴ–ի շուրջ, սա իշխանությունների պլան «Գ»-ն է, ես որպես իրավաբան իմ պրակտիկայում առաջին անգամ չեմ կարող իրավական գնահատական տալ առաջադրված տեքստին։ Ասում են ինչ–որ թուղթ մուտք է եղել x օրը , բայց դուրս է եկել y օրը, բայց իրենք էլ հիմնավորել են՝ որ օրը թուղթը եկել է, այդ օրը մուտքագրվել է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում»,–ասաց նա։

Վարոսյանը հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Արսեն Բաբայանին կալանավորելու համար։

Հարցին, թե ինչու՞ է դատավոր Կարեն Ֆարխոյանը խուսափել քննել ձերբակալման որոշման դեմ բողոքը, փաստաբանն ասաց.

«Հավանաբար դատարանը վարույթն իրականացնող մարմնի հետ կապի արդյունքում իմացել է, որ կալանքի միջնորդություն պետք է քննվի, նիստը նշանակել են վաղը, որ օրենքի խախտմամբ այդ երկու հարցը լուծեն»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է քններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը, սակայն վերջինիս ներկայությունը դատական նիստին չի ապահովվել։

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը,  միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ