News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մշակված նախագծի ընդունումից հետո սպառողն այլեւս ստիպված չի լինի վաճառողին համոզել հետ վերցնել գնված ու պատշաճ վիճակում գտնվող ապրանքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Սա այն խնդիրներից է որի մասին մենք խոսել ենք 2014 թվականից սկսված։ Պետք է նշեմ, որ ֆունադամենտալ փոփոխություն ունենք մշակութային տեսանկյունից, այսինքn, եթե 2014 թվականին ամեն 5-6-րդ խանութի պատին կարելի էր տեսնել  «գնված ապրանքը ետ չի ընդունվում» հայտարարությունը, ապա այսօր միայն հեռու գտնվող փոքրիկ խանութներում ենք նման հայտարարություններ տեսնում»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ժամանակին զբաղվում էր նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ, իրավակարգավորումներ սահմանված չէին, բայց միայն այն, որ տեսչական մարմինը պատասխանատու էր Սպառողների իրավունքների պաշտպանությամբ՝ այս կամ այն կերպ կարողանում էր ապահովել ապրանքի վերադարձի գործընթացը. «Տեսչական բարեփոխումների արդյունքում՝ տեսչական մարմիններին զրկեցին օրենքով սահմանված իրավունքի ապահովման գործընթացից։ Որքան էլ որ մենք ասում ենք՝ պատրաստ ենք աջակցել քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իր իրավունքն իրացնել, բայց հասկանում ենք, որ կա լրացուցիչ իրավակարգավորման կարիք։ Պետությունը հիմա ասում է՝ որպեսզի որեւէ տնտեսվարող չկարողանա ասել՝ իմ վրա օրենքը չի տարածվում, ապա եկեք պարտադրենք տնտեսվարող սուբյեկտներին, որ դնեն վահանակը տեսանելի վայրում, եւ հստակ սահմանենք՝ որ ապրանքներն են վերադարձի ենթակա, որը՝ ոչ»։

Պիպոյանը նկատեց, որ անգամ վահանակի առկայության դեպքում հնարավոր են վեճեր սպառողի եւ տնտեսվարողի միջեւ.

«Այսինչ 10 հազար դրամանոց պայուսակը օգտագործվե՞լ է վերադարձից առաջ, թե՞ ոչ։ Եվ շատ անիմաստ եմ համարում, որ դրա համար կողմերը գնան դատարան, ամիսներով լուծեն 10 հազարանոց ապրանքի հարցը։ Լավ կլինի` լինի հանձնաժողով, որը երկու կողմերի համար անբեկանելի որոշում կկայացնի»։

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ապրանքի փոխանակման եւ վերադարձի հետ կապված՝ սպառողների իրավունքների ոտնահարումներ կան. «Եթե հիմա լսենք բիզնեսին, ապա վերջինս կասի՝ վայ, գիտե՞ք ինչ կա, լրացուցիչ բեռ է եւ այլն։ Մենք մի կողմի բիզնեսի համար ունենք մի Ա4 ֆորմատի թղթի վրա տեղադրելիք ինֆորմացիա, որն իրենք կարող են այնպես ծանրացնել, որ թվա՝ մեծ կտտանքների պետք է ենթարկվեն, մյուս կողմից էլ ունենք փաստացի սպառողների ոտնահարում։ Չկա մի օր, որ առնվազն 1 կամ 2 բողոք-նամակ չստանանք ապրանքների փոխանակման եւ վերադարձի հետ կապված»։

ՀԿ նախագահը նշեց, որ գրեթե ամեն օր իրենք բողոք-նամակներ են ստանում՝ ապրանքի փոխանակման եւ վերադարձի հետ կապված.

«Մի կողմից դու քեզ լավ ես զգում, երբ քաղաքացին զանգում է քեզ ու ասում՝ գիտեք, զանգեցի տեսչություն, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, ասացին՝ զանգահարենք ձեզ։ Հարց է առաջանում՝ պետությունն ինչի՞ է ասում՝ զանգեք ՀԿ-ին։ Շատ են դեպքերը, երբ ահազանգում են մեր ՀԿ–ին, որ այսինչ խանութում ապրանքը հետ չեն վերցնում։ Խանութը մի բան է ասում, սպառողը` մեկ այլ, օրենքը` բոլորովին ուրիշ բան։ Իսկ այս դեպքում կլինեն ապրանքի վերադարձի հստակ չափանիշներ, որոնք յուրաքանչյուր սպառող խանութ մտնելիս կտեսնի»։

Տպել
Ամենաշատ