News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Նախօրեին երեկոյան ձերբակալվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա որպես կասկածյալ ներգրավված է ՀՔԾ–ում հարուցված հայտնի քրեական գործի շրջանակում, որը վերաբերում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին։ Նշենք, որ նախօրեին Արդարադատության նախարարն ու վարչապետի խոսնակը հայտարարել էին, որ Գագիկ Հարությունյանին հարկադրել են ժամանակից շուտ դադարեցնել լիազորությունները, որպեսզի Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա դառնալ ՍԴ նախագահ։ Ըստ ՀՔԾ վարկածի՝ այս գործընթացն իրականացվել է մի խումբ անձանց կողմից պաշտոնեական կեղծիքի գործադրմամբ։

Ձերբակալման մասին տեղեկությունը տարածվելուց հետո մի խումբ իրավապաշտպաններ, իրավաբաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ հայտարարեցին, որ այն քաղաքական շարժառիթներ ունի եւ անմիջականորեն կապված է Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավի հետ, որի շրջանակում արդեն կալանավորվել են նրա սանիկները, ըստ էության, ճնշում են գործադրում, որպեսզի Հրայր Թովմասյանին ստիպեն հրաժարական տալ։

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս։ Բաբայանը դարձավ նոր Հայաստանի 5–րդ քաղբանտարկյալը»։

Իրավաբաններն իրենց հերթին մատնանշեցին, որ այս ձերբակալությունը ապօրինի է։ Մասնավորապես, իրավաբան Գոհար Մելոյանը հայտարարեց, որ Քրեական օրենսգրքի 314–րդ հոդվածը, որի առաջին մասով նախատեսված հանցանք գործելու կասկածանքով ձերբակալվել է Բաբայանը, ենթակա է համաներման, հետեւաբար, որեւէ անձ չի կարող ձերբակալվել կամ կալանավորվել այդ հոդվածի շրջանակում։

Էլոյանը նաև կոչ արեց իրավապաշտպաններին եւ քաղաքացիական հասարարակության ներկայացուցիչներին՝ միանալ Բաբայանի իրավունքների պաշտպանությանը։

ՄԻՊ գրասենյակը հայտարարեց, որ մասնագիտական կարծիքներն ուսումնասիրելուց հետո դիմել է ՀՔԾ՝ պահանջելով պարզաբանումներ Բաբայանի ձերբակալման վերաբերյալ։

Բաբայանի փաստաբանները բողոքարկեցին ձերբակալման որոշումը։

Ի դեպ, ձերբակալումից հետո ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու դեպքի կապակցությամբ: Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

Բաբայանի ձերբակալությանն այսօր արձագանքել են քաղաքական ուժերը։

Արսեն Բաբայանի հարցն իրավական հարթության վրա է. Լիլիթ Մակունց

Ցավով եմ իմացել Արսեն Բաբայանի ձերբակալման լուրը, բայց այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա. Սիմոնյան

Արսեն Բաբայանի գործն ապագա չունի, կարճվելու է. Էդմոն Մարուքյան

Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է. Ծառուկյանը` Արսեն Բաբայանի մասին

Երեկոյան մամուլը գրեց, որ նույն գործի շրջանակում որպես կասկածյալ  ներգրավվել է նաև այն ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ հարցաքննվել ՀՔԾ–ում։

Աղմկահարույց հրապարակում է արել ՀԵՏՔ–ը։ Վարչապետի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել  են նախարարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է դեռ հուլիսին։ Նշենք, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, հետևաբար առանց օրենքում փոփոխություն կատարելու, այսինքն՝ առանց ԱԺ–ի համաձայնության, նախարարների աշխատավարձերը չեն կարող բարձրանալ։ Ամբողջ օրվա ընթացքում կառավարությունից այս հարցի շուրջ որեւէ պարզաբանում չստացվեց։  Այսօր առավոտյան լրագրողները փորձեցին այս հարցն ուղղել  Նիկոլ Փաշինյանին, բայց նա հարցն անպատասխան թողեց։

Աշխատավարձերի գաղտնի բարձրացումն այսօր թոփ թեմա էր նաև ԱԺ–ի միջանցքներում։

Երեկվանից կառավարությունից ձայն չկա. Մարուքյանը աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

Վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող պաշտոնյաների աշխատավարձը փոփոխել. Գեւորգ Պետրոսյան

Պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ. Լիլիթ Մակունց

Անհասկանալի է. Մելքումյանը՝ նախարարների աշխատավարձը թաքուն բարձրացնելու մասին

Թաքուն ո՞նց են արել, վիրավորական ա. Ծառուկյանը՝ նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին

Ավելի ուշ, այնուամենայնիվ, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքում հանդես եկավ պարզաբանմամբ։ Նրա խոսքով՝ պարգեւավճարների շուրջ հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշել է կանոնակարգել պարգեւատրումների համակարգը, որպեսզի նախարարներն աչքաչափով  իրենք իրենց չպարգեւատրեն։ Սահմանվել են նրանց հասանելիք ամսական պարգեւատրումնների չափերը, ըստ որոնց, նախարարի ամսական աշխատավարձը եւ պարգեւավճարը միասին կազմելու է 1.5 միլիոն դրամ, փոխնախարաներինինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետներինը՝ 900 հազար դրամ։ Կարապետյանի խոսքով՝ փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով։

Հոկտեմբերի 27–ի ահաբեկչության գլխավոր իրականացնող ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ արձակման համար։ Դիմումը ստացվել է մեկ ամիս առաջ։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դիմումի հարցը կլուծվի օրենքով նախատեսված կարգով՝ 80–օրյա ժամկետում։

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել  «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը՝ տեղեկացնելով, որ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի։ Նշենք, որ Քոչարյնաը վիրահատվել էր հոկտեմբերի 9–ին։

Միջադեպ է տեղի ունեցել Բաց հասարակության հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ։ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը քննարկման ժամանակ տեղից կանգնելով՝ սկսել է մեղադրանքներ հնչեցնել փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին հասցեին։  Դրանից հետո Մարինա Խաչատրյանը մի տուփ ձու է դրել փոխոստիկանապետի սեղանին և «Stop Soros» գրությամբ պաստառներ բաժանել բանախոսներին։

Համացանցում  քաղաքացու եւ ոստիկանի միջև վիճաբանության տեսանյութ է տարածվել։ NEWS.am–ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանում բանջարեղենի խանութի մոտ։ Ոստիկանն անցնելիս է եղել տարածքով, երբ 46–ամյա տղամարդը ճանաչելով նրան, հայհոյել է։ Ի դեպ, տղամարդը ներգրավված է նաև Քննչական կոմիտեում հարուցված մեկ այլ  քրեական գործում։ Նա խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ձերբակալվել։

Դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է՝ կազմելով 475 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 530, բրիտանական ֆունտինը՝ 615, ռուսական ռուբլունը՝ 7.48 դրամ։

Օդի ջերմաստիճանն առաջիկա երեք օրերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում վաղը սպասվում է  առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերն սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ