News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացման մասին տեղեկությունը, որ հրապարակեց նախօրեին լրատվամիջոցներից մեկը եւ այն մեծ արձագանք առաջացրեց հանրության եւ քաղաքական ուժերի շրջանում, արտացոլում է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում եւ սոցիալ-հոգեբանական տիրույթում առկա բավականին խորքային խնդիրների առկայությունը:

Մի կողմից հասկանալի է, որ կոռուպցիոն մոտիվացիայի բացակայության պայմաններում պետական պաշտոնյաները պետք է ունենան օրինական վարձատրության հնարավորինս խոսուն մոտիվացիա, հատկապես հաշվի առնելով այն ահռելի պատասխանատվությունը, որի ներքո գործում են այդ պաշտոնյաները, եւ նկատի ունենալով նաեւ այն չափազանց ծանր ժառանգությունը, որի հնարավորինս արագ հաղթահարումն ու հետեւանքների վերացումն է պահանջում հանրությունը:

Բայց, միեւնույն ժամանակ, այդ նույն հանրությունը կամ դրա մի զգալի մասը փաստորեն դժգոհում է, երբ տեղեկանում է, որ եղել է պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում կամ պարգեւատրումներ: Եվ այստեղ բանն ամենեւին, այսպես ասած, գաղտնի լինելու հանգամանքը չէ: Ի վերջո, «ոչ գաղտնի» լինելու պարագան ամենեւին չի նվազեցնում դժգոհությունը, ըստ այդմ՝ թյուր է կարծիքը, թե խնդիրը ձեւն է, ոչ թե բովանդակությունը:

Խնդիրը բովանդակությունն է եւ այն լուրջ խնդիր է, որովհետեւ արտացոլում է Հայաստանի հանրային շրջանակներում ձեւավորված ավելի խորքային սոցիալ-հոգեբանական բարդույթների առկայությունը: Ընդ որում՝ բարդույթներ, որոնց ձեւավորման գործում իրենց դերն են ունեցել նախկին ընդդիմությունները, այդ թվում՝ ներկայիս իշխանության մաս կազմող ուժեր, մի շարք շրջանակներ:

Նախկին կոռումպացված իշխանությունը սուր քննադատվում էր այդպիսի դեպքերում, երբ խոսք էր գնում պաշտոնյաների, նախարարների, պատգամավորների, փոխնախարարների եւ այլ որոշակի շերտի աշխատավարձը բարձրացնելու մասին: Հանրությունը դժգոհում էր, թե «գողանում» են, ու դեռ մի բան էլ աշխատավարձ բարձրացնում՝ աղքատության պայմաններում:

Ընդդիմությունը կամ ընդդիմությունները, այսպես ասած, «գեներացնում» էին այդ դժգոհությունը, գուցե չպատկերացնելով, թե ինչպես է այն սահուն անցնում շատ կոնկրետ պատճառահետեւանքային օբյեկտիվ սահմանն ու վերածվում արդեն սուբյեկտիվ երեւույթի՝ հանրային հոգեբանական բարդույթի: Հանրությունն այժմ պահանջում է աշխատանքի արդյունք՝ անմիջապես իր մաշկի վրա, նոր միայն հայտնում պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու հանդուրժողության պատրաստակամություն:

Մինչդեռ, անկախ զուտ արդյունավետության գնահատականից, ակնառու է նաեւ, որ Հայաստանում եղել է չափազանց ծանր մի իրավիճակ, որի պարագայում հենց միայն ուղղակի աղետ թույլ չտալն արդեն իսկ պահանջում է իսկապես ծանր աշխատանք, եւ հանրությունը կարող է եւ շատ առումներով դեռեւս որոշակի ժամանակ իր մաշկի վրա չզգալ այնպիսի արդյունք, որի պարագայում «թույլ կտա» պաշտոնյային բարձր աշխատավարձ:

Ահա այդ առումով ձեւավորվում է որոշակի փակ շղթա, որից դուրս գալը պահանջում է նոր իշխանության, այսպես ասած, համարձակ, բաց խոսակցություն հանրության հետ, որովհետեւ միայն հեղափոխական լեգիտիմությունը այդ խորքային հարցերի պարագայում չի բավարարում իրավիճակը կառավարելի պահելուն: Պատրա՞ստ է իշխանությունը դրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել