News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ այս դատավորի վարույթում է քննվում նաեւ Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Այսպիսով այսօր՝ ժամը 17։40–ին Կարեն Ֆարխոյանը կքննի եւ՛ ՀՔԾ–ի միջնորդությունը, եւ՛ պաշտպանների բողոքը։

Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Երեկ՝ հոկտեմբերի 22–ին ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը)   մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը   խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի  2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Տպել
Ամենաշատ