News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում պաշտոնյաների պարգեւատրումն իրականացվում է 2019-ի «Պետբյուջեի մասին» օրենքի շրջանակում, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ օրենքի համաձայն՝ նախատեսված է 30 տոկոս պարգեւատրման ֆոնդի ստեղծում, որից էլ իրականացվում են պարգեւատրումները:

Ընդ որում, վարչապետի խոսքով, «Պետական ծառայողների պարգեւատրման մասին» օրենքը գործնականում չի գործում, իսկ աշխատավարձի շեմն արդեն վաղուց խախտվել է:

«Անցած տարի պարգեւատրումների հետ կապված սկանդալի արդյունքում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորների համար պարգեւատրման ֆոնդ ստեղծելու մասին: Օրինակ ԱԱԾ եւ ոստիկանության պաշտոնյաները պարգեւավճարներ չեն ստանում: Պարզապես նրանց աշխատավարձը բարձրացել է»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ պարգեւատրումների շնորհիվ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր:

Պետական ծառայողների աշխատավարձի չափը սահմանված է օրենքով: «Պետական ծառայողների պարգեւատրման մասին» օրենքի համաձայն՝ նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է: Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Գումարը կազմում է 793 հազար 680 դրամ, ներառյալ հարկերը: Միեւնույն ժամանակ, առանց օրենքում փոփոխություն կատարելու նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են եւ դարձել 1,5 մլն դրամ։ Նույն պատկերն է նաեւ փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։ Ըստ օրենքի՝ փոխնախարարի աշխատավարձը 562 հազար 160 դրամ է, սակայն փաստացի դարձել է 1 մլն 60 հազար դրամ։ Իսկ գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ