News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անդրադարձել է ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշեց, որ նման դիմումերի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար․ «Համար առաջին սցենար՝ եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։ Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարծում եմ՝ ելքը պարզ է»։

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ հարձակում է գործել Ազգային ժողովի վրա։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ