News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության շտաբի պետ, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունը, անշուշտ, ինքնին հետաքրքիր է, հատկապես ուժային բլոկի ղեկավար կազմում կարծես թե շարունակվող կադրային վերանայումների շարքում, սակայն Քոչարյանի պաշտոնանկությունը հատկապես ուշագրավ լույսի ներքո է հայտնվում նրա վերջին հայտարարության ֆոնին:

Հովհաննես Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ոստիկանությունը համակարծիք չէ ոստիկանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ոստիկանապետի պաշտոնին նաեւ համակարգից դուրս անձի, այսպես ասած՝ քաղաքական անձի նշանակում: Ըստ նրա, ոստիկանությունը դա համարում է քաղաքական ընթացիկ հարցեր լուծելու մոտեցում, իսկ ոստիկանությունն ունի իր մոտեցումը, որն առավել հեռանկարային հարցերի է վերաբերում:

Ինչպես հայտնի է, խորհրդարանում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, ընդ որում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակությամբ, որով հնարավորություն է տրվում ԱԱԾ եւ ոստիկանապետ նշանակել 25 տարին լրացած անձանց, որոնք կարող են կապ չունենալ համակարգի հետ: ԱԱԾ վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ պարզ չէ, իսկ ահա ոստիկանության համակարծիք չլինելու մասին հայտարարած փոխոստիկանապետը, փաստորեն, հաջորդ օրը ազատվում է պաշտոնից:

Դա նշանակում է վարչապետի կոշտ արձագա՞նք, թե՞ Հովհաննես Քոչարյանն այսպես, թե այնպես հեռանալու էր, եւ նախապես արված հայտարարությամբ պարզապես ինտրիգ է հաղորդել իր հեռանալուն: Մի բան ակնառու է, որ իրավապահ համակարգը շարունակում է լինել վերանայումների փուլում, եւ գործնականում հնարավոր է արձանագրել այդ բլոկի ղեկավար կազմում փոփոխությունների «թավշյա» գործընթաց:

Ինչ խնդիրներ են լուծվում եւ ինչպիսի աստիճանի է փոխկապակցվածությունը, բավականին բարդ է գնահատել, եթե, իհարկե, չենք դիտարկում ընդունված կամ տարածված «հակահեղափոխությունը խեղդելու» վարկածի տրամաբանության մեջ: Խոշոր հաշվով, իրավապահ կամ ուժային այդ բլոկի խնդիրը աներկբայորեն պետք է առաջնային նշանակություն ստանար հետհեղափոխական օրակարգում, հաշվի առնելով այն, որ այստեղ, իհարկե, իշխանությունը հեղափոխությունից հետո էլ մի շարք օբյեկտիվ պատճառներով առաջ է շարժվել իրավիճակային լուծումներով, մինչդեռ համակարգային առումով խոսքը հիմնարար նշանակության կառույցների մասին է:

Առայժմ, սակայն, քիչ տեսանելի է, թե համակարգային լուծումներն ինչպիսին են, եւ խորքային առումով ռազմավարական ինչ պատկեր է ուրվագծում նոր իշխանությունն ուժային բլոկի առումով, որովհետեւ թյուր է տպավորությունը, թե այս համակարգերում առանցքային հարցերը կապված են ղեկավարների ցենզի կամ խորհրդարանի առաջ դրանց հաշվետվողականության հետ: Այդ ամենը լոկ փաթեթն է այն բարդագույն շերտերի, որ հատկապես նախորդ համակարգից եկող մտածողության ու հոգեբանության պայմաններում առկա է իրավապահ-ուժային համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ