ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 19-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը, պետական վկայագրի ձևը հաստատելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԷՍ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

-              «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին եւ այլ հարցեր: