News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-25-ին Երեւանում տեղի կունենա «Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival): Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է «Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը»։

«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մամուլի ասուլիսը ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսվող տարբեր միջոցառումներն ու սպասվող հետաքրքիր իրադարձությունները: Ասուլիսի բանախոսներն էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, ֆիլմերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը:

Անդրադարձ է կատարվել «Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրակարգին ու ցուցադրվող ֆիլմերին։ Փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը խոսել է փառատոնի ստեղծման գաղափարի եւ դրա կարեւորության մասին, իսկ փառատոնի կայացման մշտական աջակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ընկերության կողմից բնապահպանական փատատոնին աջակցելու պատճառների, մասնավոր ձեռնարկությունների կողմից բնապահպանության ոլորտի կայացմանն աջակցելու կարեւորությունը։

««Արեւորդի» փառատոնի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Այն կայացել է տարիների ընթացքում եւ գնալով ավելի ու ավելի է զարգանում՝ դառնալով առավել մասնակցային, սիրված ու ազդեցիկ՝ բնության պահպանության մասին իրազեկման առումով: Ուրախալի է, որ փառատոնը պահանջված է հատկապես երիտասարդների շրջանում: Այն շատ կարեւոր հարթակ է՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն իբրեւ հիմնարար արժեք արմատավորելու տեսանկյունից», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը կարեւորել է այն հանգամանքը, որ փառատոնը տեղափոխվի մարզ։ «Մարզերում եւ գյուղական համայնքներում ապրող մարդիկ եւս Փառատոնի մասը դարձան։ Նախորդ տարի ֆիլմերի ցուցադրություններ իրականացվեց Վայոց ձորի մարզում, դրանով մենք ականատես եղանք, թե ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, ինչպես փառատոնի տարբեր միջոցառումներում ներգրավվեցին գյուղում ապրող մարդիկ։ Մենք արձանագրեցինք 3000-ից ավել զբոսաշրջիկի այցելություն։ 15 համայնքների դպրոցական երեխաներ ձեւավորեցին էկո-ակումբներ, որտեղ սովորեցին նաեւ ֆիլմեր նկարել»։

Ինչպես նշել է «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ փառատոնը հիմնադրվել է 2005թվականին եւ հաջորդ տարի հոբելյանական 10-րդ տարին է. «Տարեցտարի բոլորս հասկացանք, որ բնապահպանական խնդիրները շատ ավելի արագ տեմպերով են աճում, քան մենք խոսում ենք դրանց մասին։ Այդ տարիների ընթացքում առաջին անգամ ստեղծվեց բնապահպանական կրթական ցանց՝ «Արեւորդի»։ Փառատոնը տարեցտարի ավելի է ծավալվում եւ ոչ միայն համայնքներ, այլեւ դպրոցներ է մտնում եւ տարիների ձեռքբերման փորձը տարբեր միջոցառումների միջոցով փոխանցվում է երեխաներին»։

«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը կարեւորել է պատանիների մասնակցությունը փառատոնի կայացման գործում.

«Մենք սկսեցինք ավելի խորը համագործակցել տարբեր կրթահամալիրների եւ դպրոցների հետ եւ այս տարվա մեր հիմնական համագործակից է հանդիսանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի սաները շատ մեծ ոգեւորությամբ կազմակերպում եւ մասնակցում են Փառատոնի միջոցառումներին եւ ցուցադրություններին»։

Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների եւ վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019 թվականը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ Փառատոնի առանցքում եւս կլինի կովկասյան հզոր հովազը։

«Արեւորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երեւանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական եւ ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատարաններ, ինչպես նաեւ՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարելի է հանդիպել նաեւ Երեւանի տարբեր հատվածներում․ երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով Երեւանում տեսանելի կլինի մեր վայրի բնության ամբողջ գեղեցկությունը։

Հատկանշական է, որ 2020թ․-ին տեղի կունենա Արեւորդի 10-րդ հոբելյանական միջազգային բնապահպանական փառատոնը, որին ընդառաջ՝ այս տարի փառատոնի փակման արարողությանը կհայտարարվի կենսաբազմազանության ուսումնասիրության եւ բնապահպանության ոլորտներում մեծ ներդրում ունեցող անձանց համար նախատեսված երկու մրցանակի մասին, որոնք շնորհվելու են հաջորդ տարվա փառատոնին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ