Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է 130 մլն դոլարի ծրագրեր՝ ՀՀ-ում էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով: Այս մասիբն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, հաջողությամբ ավարտին են հասցվել «Հրազդան» ՁԷԿ-ը, Շինուհայրի ենթակայանին միացնող շուրջ 230 կմ երկարության 220 կվտ լարման էլեկտրահաղորդման գծի օդային կառուցման աշխատանքները, մեկնարկել են թվով 5 բարձրավոլտ ենթակայանների վերակառուցման աշխատանքները: Առաջիկայում պլանավորվում են եւս երկուսի շինարարության աշխատանքներ:

«Այսօր մեկնարկում է շուրջ 14 մլն դոլար արժողությամբ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկումը: Այս ենթակայանը շատ կարեւոր նշանակություն ունի Երեւանի հարավ-արեմտյան հատվածի, ինչպես նաեւ Արմավիրի մարզի որոշ բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ ենթակայանի գործարկման արդյունքում բարձրացել է ենթակայանի հզորությունը, նվազել է վթարների քանակը, դրանց վերանորոգման ժամանակը, բարձրացել է հուսալիությունը: